Ֆրենկ Փալոունը ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել ռազմական հանցագործություններն Արցախում ու կանգնեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան

23:38 • 02.11.20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը հերթական անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախում տեղի ունեցող պատերազմական հանցագործություններին՝ կոչ անելով ԱՄՆ Պետքարտուղարությանը դատապարտել այդ իրողությունն ու կանգնեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան:

«Հազարավոր սիրիացի վարձկանների ներկայությունն Արցախում մի քանի անգամ հաստատվել է: Միջազգային հանրությունը, այդ թվում և ԱՄՆ Պետքարտուղարությունը պետք է դատապարտի ռազմական հանցագործությունները, որոնք իրագործվում են այս պահին, և համապատասխան քայլեր ձեռնարկի՝ կանգնեցնելու ադրբեջանական և թուրքական ագրեսիաները»,- իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի կոնգրեսականը:

Վերջինս կիսվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի արած հայտարարության մասին նյութով, որում խոսվում է ԼՂ հակամարտության գոտում հնարավոր ռազմական հանցագործությունների մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 142 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

 

Ֆրենկ Փալոունը ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել ռազմական հանցագործություններն Արցախում ու կանգնեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան