Թուրքիայում դատարանն Էրդողանի ծաղրանկարի պատճառով վճռել է երկրի տարածքում արգելափակել Charlie Hebdo-ի թվիթերյան էջ

10:13 • 04.11.20

Անկարայում դատարանը որոշել է Թուրքիայի տարածքում արգելափակել Charlie Hebdo ֆրանսիական երգիծական ամսագրի թվիթերյան էջի հասանելիությունը: Այս մասին հայտարարել է համացանցի ազատության պաշտպան Յաման Աքդենիզը, գրում է Ahval-ը։

Դատական հրամանը հրապարակվել է հոկտեմբերի 28-ին՝ ամսագրի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հրապարակման օրը՝ վկայակոչելով անձնական իրավունքների խախտումները: Սակայն, Աքդենիզի խոսքով՝ «Twitter-ը օրենսդրական կարգի համաձայն երկրի տարածքում դեռևս չի արգելելափակել ամսագրի թվիթերյան էջը»։

Անկարայի գլխավոր դատախազն անցյալ շաբաթ դատական ընթացակարգեր է սկսել Charlie Hebdo-ի իրավատերերի դեմ՝ «Էրդողանին վիրավորելու համար», մինչդեռ հաղորդակցությունների վարչությունը հայտարարել է, որ «այդ ծաղրանկարի դեմ կձեռնարկվեն անհրաժեշտ իրավաբանական և դիվանագիտական քայլեր»։

Նշենք, որ Charlie Hebdo կայքը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով Թուրքիայում արգելափակվել է դեռևս 2015 թվականին։

Հիշեցնենք, որ  Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը օրերս հրապարակել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը:  Ծաղրանկարի հրապարակումը արվել է Անկարայի և Փարիզի միջեւ դիվանագիտական հակամարտության բորբոքման օրերին: