Համաշխարհային ֆոնդային շուկաներն աճում են Բայդենի նախագահության հեռանկարի ֆոնին. The Guardian

12:05 • 05.11.20

Խաղաղ օվկիանոսի ասիական տարածաշրջանի շուկայական արժեթղթերը վերջին 3 տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն են գրանցել այն բանից հետո, երբ դեմոկրատ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու հավանականությունը բարձրացել է: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:

Քանի դեռ դեմոկրատ թեկնածուն ձգտում է հասնել ընտրիչների մնացած 6 ձայներին, որոնք անհրաժեշտ են նախագահ ընտրվելու համար, աշխարհի մյուս ծայրում ներդնողները խաղադրույքներ են կատարում առ այն, որ նրան կհաջողվի հասնել բաղձալի 270 ձայն ցուցանիշին և դադարեցնել նախագահական ընտրությունների անորոշությունն աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրում:

Խաղաղ օվկիանոսի ասիական տարածաշրջանի MSCI ինդեքսը (բացառությամբ Ճապոնիայի) բարձրացել է 1,3%-ով` հասնելով իր ամենաբարձր մակարդակին սկսած 2018 թվականի փետրվարից: Ճապոնական Nikkei-ի ցուցանիշը աճել է 1,1%-ով, այն ամենաբարձրն է վերջին 9 ամիսների ընթացքում, իսկ Հարավային Կորեայում աճը կազմել է 1.5%: Ավստրալիայի ASX200-ի ցուցանիշը նույնպես աճել է ավելի քան 1%-ով:

Չինական «կապույտ ֆիշկաները» գրանցել են 0,8% աճ այն բանից հետո, երբ խոսակցություններ սկսվեցին, որ Բայդենը կարող է չեղարկել  Թրամփի կողմից ստեղծված առևտրային պատերազմի որոշ մաքսատուրքերը:

Ակնկալվում էր, որ FTSE100-ը մի փոքր կբարձրանա հինգշաբթի առավոտյան, քանի դեռ ֆյուչերսային առևտուրը մատնանշում էր ԱՄՆ-ի S&P 500 ինդեքսի 0,1% աճ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է 72,049,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (68,586,319)

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: