Մակրոնն ու Թրյուդոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

05:59 • 06.11.20

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, երկուստեք ընդգծվել է հակամարտության խաղաղ և դիվանագիտական կարգավորման կարևորությունը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կանադայի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:

«Կանադային վարչապետ Թրյուդոն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչական ակտերի ու բռնության դեպքերի կապակցությամբ: Երկրների ղեկավարները համաձայնել են արտահայտվելու ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև հավատարմություն հայտնել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարին»,- ասված է տարածված հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։