Պուտինը ԼՂ-ի համար հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել

20:42 • 13.11.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել, Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով գրում է tass.ru-ն։

«Միջգերատեսչական կենտրոնի ստեղծման և գործունեության հետ կապված կազմակերպչական և այլ հարցերի լուծմամբ պետք է զբաղվի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը»,-ասված է փաստաթղթում, որը փոխանցվել է մամուլի ծառայությանը:

ՌԴ նախագահի կարծիքով՝ «պետք է կառուցողական, լիարժեք աշխատանք հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ»:

«Ակնկալում եմ նրանց աջակցությունը»- հայտարարել է Պուտինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։