Վարչապետի հրաժարականի պահանջով ցույցն ավարտվեց, վաղը լռության օր կլինի,18։00-ին կիրականացվի մոմավառություն (տեսանյութ)
19:07
Հանրահավաքը ավարտվեց և վաղը հայտարարվեց լռության օր՝ ժամը 18։00-ին Ազատության հրապարակում մովավառություն կիրականացվի, իսկ մյուս օրը` կիրակի ժամը 16։00-ին կրկին հանրահավաք է հրավիրվելու:
19։00
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները քննչական ծառայությունից ծանուցում են ստացել՝ հարցաքննության կանչելու մասին` որպես վկա: Ի դեպ, պատգամավորները հայտնեցին, որ իրենք ծանուցումը հանձնվել է 18:54` 18:30 ներկայանալու մասին:
17:25
Հանրահավաքի ընթացքում հարթակում ելույթ ունեցողներին զուգահեռ ոստիկանների և որոշ քաղաքացիներր միջև միջադեպ էր գրանցվում, երբ զոհված մայորի մայրն էր ելույթ ունենում:
«Հարգեք որդեկորույս մայրերին»,-նշում էր քաղաքացիներից մեկը` դիմելով ոստիկաններից և մի ոստիկանն էլ արձագանքեց. «Ինչի եք մտածում, որ դուք ավելի շատ եք հարգում, հո խոսելով չի, կարող է ես ավելի շատ եմ հարգում, քան դուք»: Ոստիկանը նշեց, որ ոստիկանությունը ամեն ինչ անում է որ հասարակական կարգ պահպանվի:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը լրագրողներին ասաց, որ հավաքը ինքնաբուխ է:
Ելույթների ընթացքում քաղաքացիները վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան», «ոստիկանը մերն է»:
17։01
Հանրահավաքը մեկնարկելուց հետո, երբ հարթակում ելույթ էր ունենում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, հրապարակում ինչ-որ բան կատարվեց և նա ընդհատեց ելույթը: «Մի՛ տրվեք սադրանքներին»,- կոչ արեց Հրանտ Բագրատյանը և շարունակեց ելույթը:
Հարթակի վրա մեծ թվով ոստիկաններ են բարձրացել, հատուկջոկատայիններ և փորձում էին հեռացնել հարթակում կանգնած քաղաքացիներին, իսկ հավաքի մասնակիցները պատ են կազմել:

16։13
Նախքան հանրահավաքի մեկնարկը Ոստիկանությունը բերման ենթարկեց զինվորական համազգեստով մի քաղաքացու: «Այդ անձը դավադիր դավաճան Նիկոլ Փաշինյանի պրովոկատորներն է»,- ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը և շնորհակալություն հայտնեց Ոստիկանությանը, որ նմաններին անմիջապես մեկուսացնում է:
15:46
Վարչապետի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն ու քաղաքական ուժերը հանրահավաք են անում Ազատության հրապարակում։ Հանրահավաքի մասնակիցների թվում են Երևանում ապաստան գտած արցախցիները, պատերազմում հարազատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգվածները։
Հանրահավաքի մասնակիցները նշում են, որ ի հեճուկս վարչապետի խոստման, թե որևէ բան գաղտնի չի բանակցվելու և ժողովուրդն է որոշելու Արցախի հարցում յուրաքանչյուր բան, Նիկոլ Փաշինյանը գաղտնի որոշում է կայացրել և Արցախը կապիտուլացնելու փաստաթուղթ է ստորագրել։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութի մի մասը։
Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։










