«Ակնկալում ենք, որ դա հակամարտության նոր ալիքի չի հանգեցնի». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ կարգավիճակի քննարկման վերաբերյալ Բաքվի մերժումը
Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի մերժումը Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի քննարկման վերաբերյալ հակամարտության նոր ալիք չի բերի այս տարածաշրջան: Այս մասին այսօր` նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք ակնկալում ենք, որ դա նոր ալիքի չի բերի»,-հայտարարել է Ռուդենկոն:
Հարցին այն մասին, թե կա՞ն մոտավոր ժամկետներ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու համար, դիվանագետը բացասական պատասխան է տվել:
«Ոչ, ժամկետներ չկան»,-հայտարարել է Ռուդենկոն` ավելացնելով, որ կարգավիճակի մասին հարցը շատ զգայուն է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:










