Կարոտը շատ է, իսկ Սեյրանի երազանքները մնացին անկատար. եթե պետք է պատերազմն այսպես ավարտվեր, ավելի լավ է՝  շուտ ավարտվեր. զոհված Սեյրան Ղարիբյանի քույր

17:40 • 19.11.20

Սեյրանը կյանքը շատ էր սիրում, ասում էր՝ գնամ բանակ, գամ, ամուսնանամ, ամուր ընտանիք կազմեմ, սեփական գործն էր ուզում հիմնել: Այնպես էր ուզում ապրել, որ ծնողները հարազատները միշտ հպարտ լինեն նրանով. սիրում էր աջակցել ու օգնել բոլորին: Սիրում էր իր հայրենիքը ու հանուն հայրենիքի, իր ժողովրդի ապագայի սեփական կյանքը տվեց:

Այս մասին Tert.am-ին պատմեց Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Սեյրան Ղարիբյանի քույր Սիրան Ղարիբյանը:

22-ամյա Սեյրան Ղարիբյանն, ով ծնվել է ՀՀ բանակի օրը՝ հունվարի 28-ին, բանակ էր զորակոչվել ծննդյան հենց հաջորդ օրը ու կյանքը նվիրել Հայոց բանակին: Մեղրիի Ագարակ զորամասում 9 ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց:

Քույրը հպարտությամբ է ասում, որ հերոս Սեյրանի քույրն է, չնայած նրան, որ կարոտը շատ է, իսկ Սեյրանի երազանքներն ու նպատակներն՝ անկատար:

«Վերջին անգամ զանգել է  հոկտեմբերի 10-ին, ասաց՝ ամեն ինչ նորմալ ա, ես լավ եմ:  Խնայելով բոլորին՝ Սեյրանը չէր ասել, որ պատերազմ է գնում: Երկու օր չզանգելուց հետո, պարզեցինք, որ իրենց զորամասից զինվորներ են տեղափոխել Արցախ, Սեյրանն էլ նրանց մեջ էր»,-ասաց նա և պատմեց, որ հերոսի զոհվելու դեպքը տեղի է ունեցել Ջաբրայիլում, իսկ մինչ այդ կռվել էր նաև Կուբաթլուում:

«Մասնագիտությամբ խոհարար էր, մինչև ծառայության անցնելն իր մասնագիտությամբ էր աշխատում ու մեծ հարգանք էր վայելում թե՛ աշխատավայրում, թե՛ ամբողջ Աշտարակ քաղաքում: Ընկերուհի ուներ, ասում էր՝ արձակուրդ գամ, որ բերեմ տուն, ծանոթացնեմ, ցավոք, մենք ընկերուհու հետ ծանոթացանք իր զոհվելուց հետո»,- պատմում է քույրը:

Պատերազմն ավարտվելու ու ստորագրված փաստաթղթի մասին Սիրանն ափսոսանքով է խոսում: «Եթե պետք է պատերազմն այսպես ավարտեր, ավելի լավ է՝ շուտ ավարտվեր, կանգնեցնեին պատերազմը, որ մեր զինվորը և մնացած հազարավոր զինվորները չզոհվեին»:  

Կարոտը շատ է, իսկ Սեյրանի երազանքները մնացին անկատար. եթե պետք է պատերազմն այսպես ավարտվեր, ավելի լավ է՝  շուտ ավարտվեր. զոհված Սեյրան Ղարիբյանի քույր