Բայրաքթարները ակտիվ կիրառվել են 2019 թվականից, դրանց դեմ պայքարի միջոցներ գտնելը ոչ թե նախկին, այլ ներկա իշխանությունների գործն էր. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ)
Վերջին պատերազմի քարոզչական թեզերից մեկն այն էր, որ վերջին երկուսուկես տարում Հայաստանում ավելի շատ զենք է գնվել, քան 30 տարում: Իշխանությունները տարբեր առիթներով հանրությանը համոզում էին, որ իրենց իշխանությունը 2.5 տարվա ընթացքում ձեռք է բերել նորագույն հակաօդային միջոցներ, որոնք Արցախի երկինքը դարձնում են ավելի պաշտպանված, քան երբևէ։ Ռազմական փորձագետները, սակայն, հակադարձում են:
«Այդ թեզը, ինչպես և Նիկոլ Փաշինյանի բոլոր քարոզչական թեզերը, պրիմիտիվ մանիպուլյացիա է», - նշում է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
44 օր տևած Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն Արցախի դեմ կիրառում էր մեծ քանակությամբ անօդաչուներ, որոնց «զգետնումը» հայկական կողմի համար, պարզվեց, բարդ գործ էր․ տեխնիկապես լավ զինված չէինք։ Վարչապետ Փաշինյանը Արցախի կապիտուլյացիայի հայտարարությունից հետո հայտարարեց՝ պարտվեցինք, որովհետև նախկինում գողացել էին զինվորից։
Արցախյան այս պատերազմում զինատեսակների բալանսը խախտեցին անօդաչուները, որոնցով վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը հետևողականորեն զինվել էր։ Թշնամին իր զինանոցը վերջին երկու տարվա ընթացքում համալրեց թուրքական բայրաքթարներով, որոնք էլ կիրառեց Արցախի դեմ պատերազմում։
«Կոնկրետ «Բայրաքթարները» սկսել են աշխատել 2019 կամ գուցե 2018 թվականից: Ներկա իշխանությունն ուներ երկուսուկես տարի՝ այդ մարտահրավերն ընդունելու ու պատշաճ զինվելու համար», - ասում է Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ դրանց դեմ պայքարի միջոց գտնելը ոչ թե նախկին, այլ ներկա իշխանության գործն էր։
Ի դեպ, նախկինում՝ Արցախում հնարավոր պատերազմում Թուրքիայի ներգրավվածության մասին Ազգային Անվտանգության ծառայությունը մեկ անգամ չէ, որ զեկուցել է Նիկոլ Փաշինյանին։ Ադրբեջանի կողմից թուրքական Բայրաքթարների գնման մասին Հայաստանի համապատասխան կառույցները ևս տեղյակ են եղել ու զեկուցել վարչաապետին։
Իշխանությունները 2 ու կես տարվա ընթացքում գնել են հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնց մի մասն արդյունավետ չեն եղել: Այս մասին իր ասուլիսի ժամանակ նշեց գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ընդգծելով, որ ինքը վարչապետին զգուշացրել էր:
Քաղաքագետներն ու ռազմական փորձագետները հույս ունեն, որ շուտով կքննվեն ու կպարզվեն զենքերի անարդյունավետ գնումներն ու պատերազմում պարտության բոլոր հանգամանքները:
Մանրամասները՝ տեսանյութում:










