Որդուս հետ վերջին անգամ հոկտեմբերի 12-ին եմ խոսել. այսօր ստիպված գնացել, ԴՆԹ անալիզ եմ հանձնել, բայց դեռ հույս ունեմ. անհետ կորածի հայր (տեսանյութ)
Ես որդուս հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 12-ին, դրանից հետո տեղեկություն չունեմ: Այս մասին Կառավարության դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողների ծնողների մեկը:
Նա նշեց, որ տարբեր կառույցների է դիմել, սակայն ապարդյուն։ «Արդեն էլ չգիտեմ՝ որտեղ դիմեմ: Այսօր ստիպված գնացել, ԴՆԹ անալիզ եմ հանձնել, բայց հույսերս դեռ չեն մարել»,- ասաց նա՝ նշելով, թե թեև որդու զոհվելու մասին տեղեկություն չի ստացել, բայց գնացել է այդ քայլին, որովհետև այլ տարբերակ չկա:
«Մենք հիմա լուծման ենք սպասում: Սպասում ենք մի չնչին պատասխանի, հույսը վերջում է մահանում: Ուզում եմ իմանալ՝ ինչ գործողություններ են կատարվում, ուր են հասել որոնողական ջոկատները, որ ուղղություններում են: Նշվում է, թե աշխատանքներ են կատարվում, բայց մենք փաստ չունենք՝ դա իրակա՞ն է, թե՞ ոչ: Մի հույս տան, գոնե գտնենք մեր երեխեքին՝ ողջ կամ զոհված, հանձնենք հողին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ անհետ կորածների և գերեվարվածների հարազատները բողոքի ակցիաներ են անում Պաշտպանության նախարարության, Կառավարության դիմաց։ Կառավարության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ գերեվարվածների վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։










