Պետք է ամբիցիաները մի կողմ դնել, կազմել չեզոք, պրոֆեսիոնալների ժամանակավոր կառավարություն և գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների. Գարիկ Քեռյան
Մենք պատերազմում պարտությունից հետո գտնվում ենք ներքաղաքական ճգնաժամում, այս ընթացքում շատ կարևոր է, որ ընդդիմությունը և իշխանությունը հանեն լարվածությունը, դա հնարավոր է միայն, երբ նախարարությունների ղեկավար կազմը կուսակցականների փոխարեն համալրեն պրոֆեսիոնալներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող կադրային փոփոխություններին:
Նա նշեց, որ գուցե դրա նպատակը հասարակության ուշադրությունը շեղելն է, կամ ընդդիմությանը հասարակական աջակցությունից զրկելն է, բայց կարծում է, որ ներքաղաքական ճգնաժամերի ամենաարդյունավետ լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, նոր իշխանության ձևավորումը:
«Սակայն, քանի որ մենք ոչ սովորական իրադրության մեջ ենք գտնվում, և ներքաղաքական կայունության պահպանման և պետականության փլուզման կանխման խնդիր կա, և եթե պետականամետ մտածողություն ունենան, իմ առաջարկած դեղատոմսը հետևյալն է. պետք է ամբիցիաները մի կողմ դնել, կազմել բավականին չեզոք, պրոֆեսիոնալ, մասնագիտական ոլորտը տիրապետող մարդկանց կառավարություն, ժամանակավոր` գոնե վեց ամսով և գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ այս պարագայում Ազգային համաձայնության կառավարություն ձևակերպումը սխալ է, քանի որ սա նշանակում է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների կոալիցիա: «Այստեղ կսկսվի գզվռտոց, թե ով քանի նախարար պետք է ունենա, կամ ինչպես է հնարավոր համատեղել ՀՅԴ-ՔՊ կուսակցությունների ներկայացուցիչներ»,-ասաց նա:
Գարիկ Քեռյանը նկատեց՝ որքան էլ պահանջ լինի, իշխանությունը հրաժարական չի տա, իսկ լարվածության աճը կարող է վնաս հասցնել պետականությանը: «Անհաջողության կմատնվենք նաև այն դեպքում, եթե իշխանությունը ընդհանրապես արհամարհի ընդդիմությանը և ոստիկանական միջոցներով ճնշեի, սա առավել կմեծացնի դիմադրության աստիճանը: Այս ամենը թելադրում է մի ուղի` կազմել ապակուսակցական պրոֆեսիոնալների կառավարություն»,-ասաց նա և նշեց, որ սա ասում է՝ ելնելով միջազգային փորձից:
Ըստ քաղաքագետի`ընդհանրապես Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական համակարգի ամենացցուն թերություններից, անհաջողություններից մեկն այն էր, որ ի սկզբանե մեր երկրում որդեգրվեց բարձրագույն պետական պաշտոնների, նույնիսկ միջին ղեկավար օղակներում պաշտոնների նշանակման խիստ կուսակցական սկզբունքը: Նա նշեց, որ 90-ականների սկզբներին որդեգրած «պոլիփեդիզմի» սկզբունքն ավելի խորացավ, ըստ որի՝ «պոլիփեդ» լինի`կուսակցությունից լինի: Նա նշեց, որ նույնիսկ դպրոցի տնօրենների, փոխտնօրեններին ընտրում և նշանակում էին կուսակցականության սկզբունքներով և այդպես շարունակ, և միայն լավ է գոնե պահակների դեպքում բացառություն արեցին:










