Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Լեռնային Ղարաբաղի մասին Սենատի ընդունած բանաձևի առնչությամբ

19:57 • 26.11.20

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսին կանչել են ԱԳՆ Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի ընդունման պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությանը:

«Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի առնչությամբ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:

Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.

1. Առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,

2. Դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,

3. Պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։

4. Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։

Ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը օգտակար չէր լինի ոչ մեկին՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ո՛չ Եվրոպային: