«ՀՀ վարչապետը ստիպված էր շատ դժվար, սակայն Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել». Պուտինը՝ ՀԱՊԿ խորհրդի նիստին (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ռազմական գործողություններին վերջ դրծ եռակողմ հայտարարությանը:
Պուտինն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները ստիպված են եղել շատ բարդ որոշումներ կայացնել, որոնք թեև բարդ էին, սակայն անհրաժեշտ էին ժողովրդի համար:
Պուտնի խոսքով՝ Հայաստանն ու նրա ժողովուրդը անցել են իրենց պատմության դժվարին շրջանը, բայց Ղարաբաղի վերաբերյալ անհրաժեշտ որոշումներ են կայացվել:
«Իրոք, Հայաստանն ու հայ ժողովուրդը անցել են շատ դժվար ժամանակաշրջան իրենց պատմության մեջ, և Հայաստանի ղեկավարությունը, ՀՀ կառավարության ղեկավարը, վարչապետը ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել, սակայն Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ: Պետք է ասեմ, որ այդ որոշումներն, իհարկե, ցավոտ էին, բայց անհրաժեշտ ու մեծ անձնական խիզախություն էին պահանջում վարչապետից: Դա ակնհայտ է: Նա այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց: Եվ հիմա մեր խնդիրն այն է, որ աջակցենք և անձամբ վարչապետին և նրա թիմին, որպեսզի խաղաղ կյանքը կարգավորվի, կատարվեն բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները ու աջակցություն ստանան անձինք, որոնք հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում», - նշել է Պուտինը:
Բացի այդ, ՌԴ նախագահը նշել է, որ եռակողմ հայտարարությունը հետևողական կերպով իրականացվում է, շփման գծի երկայնքով տեղակայված են խաղաղապահները:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ԼՂ-ում արյունահեղությանը վերջ տալու և կրակի դադարեցմանը հասնելու հարցում իրենք հետևել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված առանցքայիան պայմանավորվածություններին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։










