ԱՄՆ-ում երեխան լույս աշխարհ է եկել բեղմնավորումից 27 տարի անց
ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել աղջիկ, որը բեղմնավորվել էր 1992 թվականին։ Բեղմնավորված սաղմը սառեցված վիճակում պահվել է 27 տարի, ինչից հետո աղջնակը լույս աշխարհ է եկել անպտուղ զույգի ընտանիքում, գրում է BBC-ն։
Աշխարհում գոյություն ունի նման պրակտիկա, երբ ծնողները հանգանակում են իրենց «ոչ պետքական» սաղմն այն մարդկանց, որոնք բնական ճանապարհով չեն կարող երեխա ունենալ։
Նման դոնորների շնորհիվ էլ այս տարվա հոկտեմբերին ծնվել է Մոլլի Գիբսոնը, որը բեղմնավորվել էր դեռ նախորդ դարում։
Նորածին ամերիկուհին ռեկորդ է սահմանել. նրա սաղմը ծնվելուց առաջ աշխարհում ամենից երկարն է պահվել սառեցված վիճակում։ Ավելի վաղ ռեկորդակիր էր մեկ այլ աղջնակ՝ Էմման, որը նույնպես լույս աշխարհ է եկել այս ընտանիքում։
«Մենք երջանկությունից յոթերորդ երկնքում ենք։ Մինչ այս պահը չեմ կարողանում զսպել արցունքներս այդ մասին խոսելիս։ Եթե ինձ հինգ տարի առաջ ասեին, որ ես ոչ միայն դուստր կունենամ, այլ երկու դուստր, ոչ մի դեպքում չէի հավատա», - պատմել է 29-ամյա Թինա Գիբսոնը։
Թինա և Բեն Գիբսոնները հինգ տարի փորձում էին ծնող դառնալ բնական ճանապարհով, սակայն ի վերջո դիմել են «Դոնորական սաղմների ազգային կենտրոն» քրիստոնեական ոչ պետական կազմակերպությանը և երեխաներ են ունեցել այնտեղ պահվող սառեցված սաղմների միջոցով, որոնք ժամանակին կենսաբանական ծնողները հանգանակել էին անպտուղ ընտանիքներին։
Թինա Գիբսոնն ավագ դստեր հետ










