Հետաքրքիր է՝ Փաշինյանը քանի՞ հայի արյուն կթափի Երևանի փողոցներում՝ կառչած մնալով իր աթոռից, և իր կողքին հավաքված մարդկանց վախեցնելով՝ որքա՞ն երկար իր կողքին կպահի․ Նարեկ Մալյան (տեսանյութ)
Ինձ հետաքրքիր է, թե Նիկոլ Փաշինյանը քանի՞ հայի արյուն կթափի Երևանի փողոցներում՝ կառչած մնալով իր աթոռից, և իր կողքին հավաքված մարդկանց վախեցնելով` որքա՞ն երկար իր կողքին կպահի, և իրենք էլ երբ կգիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանի հետ կիսում են դավաճանությունը, արյունահեղությունը, հազարավոր զոհերը, որոնք եղել են վերջին 2,5 տարում։ Այս մասին ԱԱԾ-ի դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
«Ես այսօր ԱԱԾ-ի դիմաց եմ, քանի որ երեք ամիս առաջ հաղորդում եմ ներկայացրել Սորոսի գրասենյակի դեմ ծանր հանցագործության մասով, սակայն առ այսօր ԱԱԾ-ն որդեգրել է «ջայլամի քաղաքականություն»։ Սորոսականները մեր երկրում անպատիժ են, ինչ ուզում, անում են։ Օրենքի պահանջ է, որ փակվի այդ գրասենյակը, մինչև հիմա ԱԱԾ-ն գլուխը մտցրել է ավազի մեջ ու ընդունում է դիրք, կարծես չի տեսնում այդ ամենը»,-ասաց նա՝ նշելով նաև, թե վաղը ևս ԱԱԾ-ում է լինելու, քանի որ հրավիրել են հարցաքննության։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Քաղաքացիները փակում են փողոցները ու վանկարկում «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»:
Անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների մի մասը ոստիկանության կողմից բերման ենթարկվեց:
Մի խումբ քաղաքացիներ օծանելիքներ և ժամացույցներ են դրել ԱԱԾ շենքի դիմաց։ Նրանց խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ մտահոգված էր կառավարական առանձնատնից կորած օծանելիքով և ժամացույցով, քան հանձնված հայրենիքով։










