Ապաշնորհ կառավարման արդյունքում տապալվել է դիվանագիտությունը, իսկ պատերազմի ապաշնորհ ղեկավարման հետևանքով էլ պարտվել ենք. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

20:08 • 14.12.20

Երկրում պետական որևէ ինստիտուտ իր գործառույթները չի կատարում կամ գոնե արդյունավետորեն չի կատարում, իշխանությունը չի տիրապետում իրավիճակին․ ես մասնակցել եմ Անվտանգության խորհրդի նիստին՝ որպես խորհրդարանական ուժի ղեկավար, որ գոնե ինչ-որ կերպ նպաստեմ իրավիճակի հանգուցալուծմանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք պահանջել ենք պարտության սիմվոլ վարչապետի հրաժարականը, պետք է ընտրվի անցումային վարչապետ։ Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները լավ գիտեն, որ մենք էլ, ԲՀԿ-ն էլ նրա հրաժարականն ենք պահանջում։ Նա տապալել է իր փայաբաժին իշխանությունը։ Երբ սխալները թույլ են տրվել, ես ֆիքսել եմ, որ հենց Փաշինյանն է մեր երկիրը ներքաշել պատերազմի մեջ։ Չքաղաքականացված մարմինները, օրինակ ԶՈՒ ԳՇ պետը, շատ կարևոր են մեր պետության բնականոն կենսագործունեության համար»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Մարուքյանի՝ Նիկոլ Փաշինյանին «նիկոլավարի» հանելու մեթոդները դատապարտված են, ու թեև ինքը ողջունում է երթերն ու ցույցերը, բայց հարցը լուծվելու է խորհրդարանով. «Երբ իշխող ուժի պատգամավորներին անկյուն ես մղում, նրանք անցնում են շրջանաձև պաշտպանության, այդպիսով ստիպում ես, որ նրանք ավելի համախմբվեն։ Պետք չէ այնպիսի գործողություններ անել, որոնք ավելի են ուժեղացնում իշխանությանը։ Երթերով ու անհնազանդության ակցիաներով հնարավոր չի լինի հանել Նիկոլ Փաշինյանին, պետք է իշխող խմբակցության հետ աշխատել և համոզել նրանց»:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ «Իմ քայլը» դժվար թե այլ թեկնածու առաջադրի, այդ թիմից որևէ մեկը՝ բացի Փաշինյանից, չի կարող հավակնել վարչապետ դառնալ. «Նիկոլ Փաշինյանին անհնար է հեռացնել այնպես, ինչպես նա Սերժ Սարգսյանին հեռացրեց։ Երբ մարդիկ գիտակցություն ունենան, որ իրենց՝ իշխանության մեջ մնալը ճանապարհ է փակում սեփական դերակատարումն ունենալու համար, կգնան նրան, որ ավելի վաղ փոփոխություններ կանեն, իրենք էլ կմասնակցեն այդ ընտրություններին։ Պատգամավորներին ահաբեկել չի կարելի, եթե դա նախադեպ դառնա, մեր երկիրը դուրս չի գա տուրբուլենտությունից։ Եթե վաղը ես կամ Վազգեն Մանուկյանը դառնանք վարչապետ, մեկ-երկու տարի անց ինչ-որ մարդիկ կարող են նույնը մեզ հետ անել»:

Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ստել է իրեն, երբ սուրճի սեղանի շուրջ ամիսներ առաջ հավաստիացրել է, թե ոչ մի վտանգ չկա Արցախի հարցում. «Ե՛վ Փաշինյանը, և՛ Զոհրաբ Մնացականյանն ինձ վստահեցնում էին, որ ամեն ինչ վերահսկողության ներքո է, ես էլ մարդկանց ասել եմ, որ իմ կասկածները փարատվել են։ Ապաշնորհ կառավարման արդյունքում տապալվել է դիվանագիտությունը, մխրճվել ենք պատերազմի մեջ, պատերազմի ապաշնորհ ղեկավարման արդյունքում էլ ծանր ջախջախվել, պարտվել ենք։ Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցել Ալիևի հետ»:

Դավիթ Սարգսյան