«Նրանք գործում են արտաքին ուժերի ազդեցության ներքո». Լավրովը մեկնաբանել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտոնյաների՝ իր հետ հանդիպումից հրաժարվելը
Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամներ Ժելյկո Կոմշիչը և Շեֆիկ Ջաֆերովիչը, որոնք երեքշաբթի հրաժարվել են հանդիպել ռուսական պատվիրակության հետ, գործում են արտաքին ուժերի ազդեցության ներքո: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ձեր նշած միջադեպը ես համարում եմ աննշան Ռուսաստանի դիրքի, Բոսնիա և Հերցեգովինայի ժողովուրդների հետ հարաբերությունների զարգացման համար: Նման որոշում կայացրած քաղաքական գործիչները, կարծում եմ, անկախ չեն, հստակ գործում են ինչ-որ մեկի հուշումներով, ամենայն հավանականությամբ, արտահայտում են ոչ թե իրենց ընտրողների, գոնե իրենց ընտրողների մեծամասնության, այլ արտաքին ուժերի շահերը»:
Նախարարի խոսքով, այդ ուժերը շահագրգռված չեն ոչ միայն ռուս-բոսնիական և ռուս-սերբական հարաբերությունների զարգացմամբ, այլև «բնավ շահագրգռված չեն, որ Արևմտյան Բալկանների երկրներն օգտագործեն բոլոր արտաքին գործընկերների հետ փոխշահավետ համագործակցություն կառուցելու իրենց իրավունքը»:
Իր խոսքում Լավրովը հիշել է մի քանի տարի առաջ ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի կողմից արված հայտարարությունները. պաշտոնյան ասել էր, որ Բալկանները ԵՄ-ի համար հետաքրքրության տարածք են, և «մնացած բոլորը, ներառյալ Ռուսաստանը, այնտեղ անելիք չունեն»:
«Սա փիլիսոփայություն է, որը արմատավորվել է եվրոպական շատ երկրներում հին ժամանակներից՝ գաղութային և կիսագաղութային: Իհարկե, ոչինչ չի կարելի անել այս հարցում, չնայած անհրաժեշտ է հակադրվել այդ բացարձակ անընդունելի գծին ՝ անընդունելի մտածելակերպին», - ավելացրել է նա:
Հիշեցնենք՝ Լավրովի հանդիպումը Նախագահության երեք անդամներ Կոմշիչի, Ջաֆերովիչի և Դոդիկի հետ նախատեսված էր երեքշաբթի առավոտյան: Նախագահության անդամներից հանդիպմանը մասնակցել էր միայն Դոդիկը: ԶԼՄ-ներին ուղղված համատեղ հայտարարության մեջ Կոմշիչն ու Ջաֆերովիչը նշել էին, որ իրենց որոշումը՝ հրաժարվել հանդիպմանը մասնակցելուց, պայմանավորված է երկուշաբթի օրը Դեյթոնի համաձայնագրերի մասով ՌԴ նախարարի կողմից արված հայտարարություններով, որոնք հակասում են Բոսնիայի դիրքորոշմանը:










