Ամերիակացի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ բացահայտված հաքերային հարձակումները լուրջ ռիսկ են պարունակում կառավարության, ենթակառուցվածքների և մասնավոր հատվածի համար

12:32 • 18.12.20

ԱՄՆ պաշտոնյաները նախազգուշացրել են, որ այս շաբաթ բացահայտված խոշոր հաքերային հարձակումը լուրջ ռիսկ է կառավարության, կարևոր ենթակառուցվածքների և մասնավոր հատվածի համար, հայտնում է BBC լրատվական գործակալությունը:

ԱՄՆ Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը (Cisa) հայտարարել է, որ հարձակումը խափանելը շատ բարդ կլինի: Հարձակման համար կասկածվում է Ռուսաստանի կառավարությունը, որը, սակայն, հերքել է պնդումները՝ դրանք համարելով անհիմն:

Գործակալության՝ հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ, ասվում է, որ պետական գերատեսչությունների, կարևոր ենթակառուցվածքների և մասնավոր հատվածի կազմակերպությույունների թիրախավորման հետևում կանգնած դերակատարը այդ գործում ցուցաբերել է համբերություն, օպերացիոն անվտանգություն և բարդ լրտեսական տեխնիկա:

Գործակալությունը դեռևս չի պարզել, թե ով է կանգնած հարձակման ետևում և թե ինչ տեղեկություններ են բացահայտվել կամ գողացվել:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենն ասել է, որ իր վարչակազմը կիբերանվտանգությունը կդարձնի գերխնդիր:

«Մենք պետք է խանգարենք և հետ պահենք մեր հակառակորդներին առաջին հերթին նշանակալի կիբերհարձակումներ ձեռնարկելուց»,- ասել է նա՝ հավելելով, որ դա անելու են դաշնակիցների և գործընկերների հետ համակարգված:

Ըստ տարբեր աղբյուրների հաքերային հարձակման են ենթարկվել Միացյալ նահանգների պաշտպանության, ներքին անվտանգության գերատեսչությունները, գանձապետական և առևտրի գերատեսչությունը, Էներգետիկայի դեպարտամենտն ու միջուկային անվտանգության ազգային վարչությունը: Հարձակման ենթարկվածների թվում են եղել նաև ԱՄՆ ֆինանսների և առևտրի նախարարությունները:

Հաքերներին հաջողվել է կոտրել համակարգչային ծրագրերն ու մուտք գործել ցանցերի կառավարման ծրագրակազմ, որը պատրաստվել է Տեխասում տեղակայված SolarWinds SS ընկերության կողմից:

ԱՄՆ Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունն ու ՀԴԲ չեն մեկնաբանել, թե ով է հարձակման ենթադրյալ պատասխանատուն: Անվտանգության մասնավոր ընկերությունները, սակայն, մատնանշել են Ռուսաստանի Դաշնությանը:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը երկուշաբթի օրը սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ նշել է, որ Դաշնությունը վնաս տվող գործողություններ չի իրականացնում կիբեր տիրույթում: