Առանց սահմանները գծելու՝ Սյունիքի Որոտան գյուղի տներից մեկի բնակիչներին ադրբեջանցիները հանել են տնից, պնդում են` տունն Ադրբեջանի տարածքում է

17:12 • 22.12.20


Սյունիքի մարզի Որոտան համայնք են այցելել ադրբեջանցիներ և հայտնել, որ համայնքի մեկ տունը Ադրբեջանինն է։ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ`երեք ժամ առաջ ադրբեջանցիները, ռուս խաղաղապահները եկել են այդ հատված, GPS համակարգով նայել ու ասել, որ գյուղից մեկ տուն հայտնվել է Ադրբեջանի տարածքում, այն դեպքում, երբ սահմանազատման աշխատանքներ դեռ չեն արվել։

Տեղի բնակիչները Tert.am-ին պատմեցին, որ այդ տան տարածքում տեղակայվել են ռուս խաղաղապահները, իսկ տան տերը`կնոջ ու երեք երեխայի հետ ժամանակավոր տեղափոխվել է կնոջ հայրական տուն, որովհետև ադրբեջանցիները նրան տունը լքելու համար մեկ ժամ ժամանակ են տվել։

Տանտերը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ տրամադրություն չունի։

Համայնքների ներկայացուցիչները ռուս խաղաղապահներին խնդրել են, որ բանակցեն, տունը մնա հայկական կողմում, թե ինչ կլինի, դեռ պարզ չէ, քարտեզագրման աշխատանքներն էլ չեն սկսվել։

Տանտերերը ադրբեջանցիների այցից հետո են տեղեկացել, որ իրենց տունը Ադրբեջանինն է, թե ինչպես, ինչ հիմքով, հայտնի չէ։

Առանց սահմանները գծելու՝ Սյունիքի Որոտան գյուղի տներից մեկի բնակիչներին ադրբեջանցիները հանել են տնից, պնդում են` տունն Ադրբեջանի տարածքում է