Սաուդցի ակտիվիստն ավելի քան 5 տարի ազատազրկման է դատապարտվել կանանց մեքենա վարելու իրավունքի համար պայքարելու հետևանքով
Սաուդյան Արաբիայում ավելի քան 5 տարվա ազատազրկման են դատապարտել՝ կանանց մեքենա վարելու իրավունքի համար պայքարող ակտիվիստին, հայտնում է BBC լրատվական գործակալությունը:
31-ամյա Լուժեյն ալ-Հաթլուլը և մյուս ակտիվիստները բերման են ենթարկվել 2018 թվականին՝ Սաուդյան Արաբիայի թագավորությանը թշնամի կազմակերպությունների հետ կապ հաստատելու մեղադրանքով:
Միջազգային տարբեր իրավապաշտպան խմբեր բազմիցս կոչ են արել ազատել նրան:
Երկուշաբթի օրը, երկրի Քրեական դատարանը, որը ստեղծվել է ահաբեկչությանն առնչվող գործերը քննելու համար, դատապարտել է Հաթլուլին՝ նրան տարբեր մեղադրանքներ առաջադրելով, ներառյալ` ազգային անվտանգությանը վնաս հասցնելն ու օտարերկրյա օրակարգ առաջ մղելու փորձերը:
Նրան դատապարտել են հինգ տարի ութ ամիս ազատազրկման, որի պատժի երկու տարի տասը ամիսը կասեցվել է:
Հաթլուլն ու իր ընտանիքը չեն ընդունել մեղադրանքները: Նրան ձերբակալել էին 2018 թվականին՝ իշխանության կողմից կանանց մեքենա վարելու իրավունք տալուց մի քանի շաբաթ առաջ: Իշխանության պնդմամբ, աղջկա ձերբակալությունը կապ չունի այդ հարցի հետ:
Հաթլուլի ընտանիքը պնդում է, որ նա ենթարկվել է էլեկտրական ցնցումների, մտրակի հարվածների և սեռական ոտնձգությունների, ինչպես նաև, որ նրան ազատություն են առաջարկել, եթե համաձայնվի ասել, որ իրեն չեն խոշտանգել:
Իրավապաշտպաններն ասում են, որ նրա դատավարությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին:
Նոյեմբերին Amnesty International- ը դատապարտել էր գործի տեղափոխումը Մասնագիտացված քրեական դատարան՝ ասելով, որ դա բացահայտում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների «դաժանությունն ու կեղծավորությունը»:










