Կոնգրեսում հայտարարել են, որ Թրամփի պաշտոնանկության գործընթացը կարող է սկսվել հաջորդ շաբաթ
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության նոր գործընթացը կարող է ձեռնարկվել հաջորդ շաբաթվա կեսին: Այս պնդմամբ այսօր հանդես է եկել ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Քեթրին Քլարկը։
«Գործընթացը կսկսվի արդեն հաջորդ շաբաթվա կեսերին։ Դոնալդ Թրամփին պետք է հեռացնել պաշտոնից։ Եվ մենք կգործենք՝ օգտագործելով առկա բոլոր գործիքները»,- ասել է օրենսդիրը՝ CNN հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով ԱՄՆ վարչակազմի ղեկավարի պաշտոնանկության ընթացակարգի հնարավոր մեկնարկի ժամկետի հարցը:
Ընդ որում, Քլարկը հայտնել է, որ Կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատները «կարող են շատ արագ գործել»: Նրա խոսքով՝ Կոնգրեսի անդամները ստեղծված իրավիճակում «չեն կարող թաքնվել ընթացակարգային կանոնների հետևում»։
«Եկել է գործելու ժամանակը։ Խոսքը մեր Սահմանադրության և մեր ժողովրդավարության ճգնաժամի մասին է»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:










