Վաշինգտոնի քաղաքապետը կոչ է արել Բայդենի երդմնակալության օրը չայցելել մայրաքաղաք
Վաշինգտոնի քաղաքապետ, դեմոկրատ Մուրիել Բաուզերը հարևան նահանգների՝ Մերիլենդի և Վիրջինիայի նահանգապետների հետ համատեղ հայտարարությունում կոչ է արել ամերիկացիներին հունվարի 20-ին՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը, չայցելել մայրաքաղաք, այլ դրա փոխարեն արարողությանը հետևել առցանց։ Այս մասին հայտնում է CNN-ը:
Ըստ ԶԼՄ-ի՝ նման հորդորի պատճառն անվտանգության ապահովումն է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, որոնցից մեկը անցյալ շաբաթ ԱՄՆ Կապիտոլիումի շենքի գրոհն էր, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակը:
Ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավար, գեներալ Դանիել Հոկանսոնի խոսքով՝ նորընտիր նախագահի երդմնակալության օրը նախատեսվում է մայրաքաղաքում ԱՄՆ ազգային գվարդիայի մինչև 15 000 զորք տեղակայել՝ երդմնակալության ընթացիկ և ապագա կարիքները բավարարելու համար: Զորքերի քանակի կտրուկ աճը տեղի է ունենում երկրի մայրաքաղաքում և ամբողջ երկրում ծայրահեղական հետագա բռնություններին պատրաստ լինելու համար, որոնք կարող են ծայր առնել իշխանության անցման ֆոնին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքապետի խնդրանքով Վաշինգտոնում արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել՝ ապահովելու երդմնակալության արարողության մասնակիցների անվտանգությունը։










