ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Յանը կմասնակցի Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններին
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու, գործարար Էնդրյու Յանը պաշտոնապես հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու և նախընտրական արշավի մեկնարկի մասին։
Դեռևս անցյալ տարվա վերջին Յանը փաստաթղթեր էր ներկայացրել Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար։
«Տեսնելով մեր քաղաքը համակած մեծ վիշտը, մեծ ցավ եմ ապրում։ Այն, ինչ մենք կանենք առաջիկա ամիսներին, տասնամյակներ շարունակ կորոշի մեր քաղաքի զարգացման հետագիծը։ Ես առաջադրվել եմ քաղաքապետի պաշտոնում, քանի որ ճգնաժամային իրավիճակ եմ տեսնում և հավատում եմ, որ կարող եմ օգնել»,- ասված է Յանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Յանից բացի, քաղաքի ղեկավարի պաշտոնին հավակնում է ևս 35 մարդ: Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է դեմոկրատ Բիլ դե Բլազիոն։ Դեմոկրատական կուսակցության թեկնածուների շրջանում նախնական ընտրությունները (փրայմերիզ) նշանակված են հունիսին:
Յանը նախագահական ընտրություններին հետագա մասնակցությունից հրաժարվել էր անցյալ տարվա փետրվարին՝ հայտնելով, որ մտադիր չէ նաև առաջադրվել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում։










