Եթե ԲԴԽ-ն առաջ է քաշում իմ տարիքը, ապա Գագիկ Հարությունյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվելը հակասահմանադրական էր, սա շատ վտանգավոր հայտարարություն է ԲԴԽ կողմից. Գագիկ Ջհանգիրյան

13:03 • 14.01.21

ԲԴԽ անդամի պաշտոնի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ-ում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումից հետո նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲԴԽ նախագահի արած այն հայտարարությանը, թե վերջինս, տարիքի հետ կապված, չի կարող լինել ԲԴԽ անդամ:

Նա նշեց, որ մասնագիտական խնդրի վերաբերյալ ասել է, որ դա զուտ իրավաբանների քննարկելու խնդիր է և կոչ արեց ԲԴԽ անդամներին հավաքվել և այդ խնդիրը քննարկել: Ջհանգիրյանը նշեց նաև, որ եթե այսօր հայտարարում են, թե իր տարիքով պայմանավորված՝ նա չի կարող ԲԴԽ անդամ լինել, ուրեմն Գագիկ Հարությունյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվելը ևս հակասահմանադրական է: «Դա նշանակում է, որ ԲԴԽ կողմից դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր այդ միջնորդությունները, բոլորը հակասահմանադրական են: Ավելին՝ այդ դատավորներն ու դատարանները ոչ պատշաճ դատավորներ ու դատարաններ են և հետևաբար դրանց կողմից այս երկու տարվա ընթացքում արձակված բոլոր միջանկյալ և վերջնական դատական ակտերն ու որոշումներն  ապօրինի են: Հասկանո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արվել: Ես կոչ եմ անում, որ մեկ անգամ ևս այդ խնդրին անդրադառնան որպես անկաշառ, անկախ դիտորդ իրավաբաններ և քննարկեն»,- ասաց նա:

Լրագրողների տարբեր հարցադրումներին Ջհանգիրյանն արձագանքեց. «Գիտեք, չէ՞, երեկ դուք տեռոր եք արել իմ դեմ: Մի հատ աղջիկ կար՝ բիզ-բիզ մազերով, քիչ էր մնում ավտոմատը հաներ, ինձ գնդակահարեր, երևի դա ավելի շահավետ կլիներ: Քանի որ ես երեկ այդքան համբերատար, այդքան հանդուրժող դիմացել եմ ձեր՝ 4-րդ իշխանության «տեռորիստական ակտին», ես խնդրում եմ փիլիսոփայորեն վերաբերվեք, ինձ բաց թողեք, ես գնամ»:

Այդուհանդերձ Ջհանգիրյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին՝ ԼՀԿ-ն ինչպե՞ս  է տրամադրված իր հանդեպ, նա արձագանքեց. «Ես դա չգիտեմ, բայց ինձ թվում է՝ նրանց բոլոր կասկածները փարատեցի»: Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ին ևս դիմել է հանդիպման համար, սակայն դեռ չեն պատասխանել, եթե ցանկանան, ինքը պատրաստ է:

Դիտարկմանն էլ՝ այս իշխանության օրոք է նշանակվելու ԲԴԽ անդամ, իսկ նրանց քննադատում են, նա նշեց. «Այս իշխանության օրոք նաև երեխաներ են ծնվելու, հարսանիքներ են լինելու, մահեր կան, ամուսնալուծություններ, հիմա ամեն ինչը կապելու եք իշխանությունների հե՞տ»:

Ինչ վերաբերում է նրան, որ դա կազդի իր վարկանիշի վրա, Ջհանգիրյանը նշեց. «Դատական օրենսգիրքն այնպես է գրված, որ որևէ իրավաբան, եթե ցանկություն է հայտնում ԲԴԽ իրավաբան անդամի պաշտոնում ընտրվելու համար, անպայմանորեն նրան պետք է առաջադրի որևէ խմբակցություն: Բոլոր իրավաբանները տրամաբանող մարդիկ են, իրավաբանը մտածում է թվապես մեծ խմբակցության առաջարկին համաձայնել, որ ձայներն ապահովի այնտեղ, մանավանդ այս քաղաքական սուր իրավիճակում, երբ ԱԺ-ում քաղաքական բևեռներ են ձևավորվել: Այսինքն՝ եթե Ջհանգիրյանը մտադիր էր ԲԴԽ-ում աշխատանքի անցնել, նա մեկ ճանապարհ ուներ, առաջադրվել մեծամասնություն կազմող խմբակցության կողմից»:

 

Եթե ԲԴԽ-ն առաջ է քաշում իմ տարիքը, ապա Գագիկ Հարությունյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվելը հակասահմանադրական էր, սա շատ վտանգավոր հայտարարություն է ԲԴԽ կողմից. Գագիկ Ջհանգիրյան