ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի երկու նոր շտամ

13:01 • 14.01.21

ԱՄՆ-ի Օհայոյի համալսարանի գիտնականները կորոնավիրուսի երկու նոր շտամ են հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Այս երկուսից մեկը նմանություն ունի «բրիտանական» շտամին, իսկ երկրորդը վիրուսն ավելի վարակիչ է դարձնում:

Ավելի վաղ, մի քանի լրատվամիջոցներ` վկայակոչելով Սպիտակ տան՝ COVID-19 վարակի խնդրով զբաղվող աշխատանքային խմբի զեկույցը, հաղորդել էին, որ ԱՄՆ-ում կարող է հայտնվել կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ շտամ, որը տարածվում է մեկուկես անգամ ավելի արագ, քան նախնական տարբերակը: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հերքել է այս տեղեկատվությունը:

Ինչպես նշվում է Օհայոյի համալսարանի տարածած հայտարարության մեջ, առաջին մուտացիան, չնայած նման է «բրիտանականին», սակայն, հավանաբար, ծագել է ԱՄՆ-ում: Մյուս շտամում հայտնաբերվել է 3 գենետիկ մուտացիա, որոնք Covid-19 -ի նախնական տարբերակում չեն եղել:

Նոր շտամներից առաջինը վերջերս հայտնաբերվել է Օհայո նահանգում` հիվանդներից մեկի մոտ, և գիտնականները դեռ չեն կարող ասել, թե այն որքանով է տարածված: Իսկ երկրորդ տարբերակը 2020 թվականի դեկտեմբերի վերջին և 2021 թվականի սկզբին սկսել է գերակշռել Կոլումբուս քաղաքում:

Ըստ գիտնականների, երկրորդ շտամում հայտնաբերված գենետիկ մուտացիաները նպաստելու են դրա արագ տարածմանը` ինչի հետևանքով կտրուկ ավելանալու է վարակակիրների թիվը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Բրիտանիայում հայտնաբերվել էր կորոնավիրուսի նոր շտամ, որն ավելի արագ է տարածվում, սակայն դրա վտագավորության մասին  տեղեկություններ դեռևս չկան:

ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի երկու նոր շտամ