«Գաղտնի հավելվածներ ընդհանրապես չկան». Լավրովը՝ Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության մասին

14:21 • 18.01.21

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունը, որով ավարտվել են վեց շաբաթ տևած ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, չի պարունակում որևէ «գաղտնի հավելված»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գաղտնի հավելվածներ ընդհանրապես չկան: Եվ ես չեմ տեսնում, թե որ թեմաները կարող են լինել որոշ «գաղտնիքների առարկա», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։