Վարչապետը հարց է հնչեցրել՝ 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկական Շուշի՞ է, եթե մեկը կարծում է, որ նա պնդում է, թե Շուշին հայկական չէ, ուրեմն տրամաբանելու խնդիր ունի. Ս. Գրիգորյան
Երեկ Նաիրա Զոհրաբյանը վարչապետին ասել է, որ հոկտեմբերի 18- ին եղել է հնարավորություն, որ պատերազմը դադարեցվի՝ Շուշին մնա հայկական, և վարչապետը պատասխանել է, որ պատերազմի օրերին տարբեր քննարկումների ժամանակ և դրան նախորդած բանակցության գործընթացի ամբողջ ընթացքում չի եղել մի այնպիսի ժամանակ, որ չքննարկվի փախստականների հետ վերադառնալու հարցը. Tert.am -ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինքն է՞լ է կասկածում, որ Շուշին հայկական է, քանի որ Փաշինյանի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ընդդիմության, քաղաքացիների և Շուշիի քաղաքապետի մոտ:
«Մինչև Շուշիի ազատագրումը, Շուշիում բնակչության 90 տոկոսը եղել են ադրբեջանցիներ և, ըստ այդմ, հռետորական հարց է հնչեցրել վարչապետը, ասել է՝ ձեզ համար 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկական Շուշի՞ է, հիմա եթե որևէ մեկը դրանից բխեցնում է, որ վարչապետը պնդում է կատարել, թե Շուշին հայկական չէ, ուրեմն այդ մարդը կա՛մ հայոց լեզու հասկանալու խնդիր ունի, կա՛մ առհասարակ տրամաբանելու խնդիր ունի: Վարչապետը, ըստ էության, հարց է տվել, ասել է՝ եթե Շուշի քաղաքում 90 տոկոս ադրբեջանական բնակչություն է, դուք համարում եք դա հայկակա՞ն, թե ոչ, սա է եղել իր հռետորական հարցը, թող ամեն մեկն իր պատասխանը տա ու իր հետևությունները անի»,- նշեց նա:
Նա այլ հարցերի չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ առաջիկայում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ որևէ պատգամավոր հարցը կհնչեցնի, և Փաշինյանը կպատասխանի:









