Կգա այն օրը, երբ ես կգնամ Եռաբլուր՝ Զորիկի շիրիմին, ու կասեմ՝ հանգիստ հանգչիր, տղաս, քանի որ հայրենիքդ հուսալի ձեռքերում է, այն, ինչի համար դուք գնացիք, իզուր չէր․ զոհված զինվորի հայր
18–ամյա Զորիկ Շահրամանյանին ծառայության սկզբից սիրում էին բոլորը՝ ծառայակիցներն ու հրամանատարները․ պատճառը Զորիկի հոգատար ու բարի տեսակն էր, հերոսի մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց հայրը՝ Վախթանգ Շահրամանյանը․ «Ես հպարտ եմ, որ որդիս հերոս է, ինքը գնաց սպարապետի ու մյուս հերոսների մոտ, ես, լինելով 20 տարվա զինծառայող, այնքան չեմ հասցրել անել, որքան Զորիկն արեց երկու ամսվա ընթացքում, ինքը հերոսացավ ու հանգչում է հերոսների կողքին»,-ասում է նա։
Զորիկը ծնվել ու մեծացել է զինվորականի ընտանիքում, հայրենիքի հանդեպ սերն և բանակում ծառայելու ոգևորությունը մեծ էր․ դպրոցական տարիքում հաճախ է եղել ռազմականացված ճամբարներում, զբաղվել սպորտով, մասնակցել մրցույթների ու օլիմպիադաների, մեծ խանդավառությամբ էլ անցել բանակային ծառայության։
Զորիկի հայրը պատերազմը սկսվելուն պես գնացել էր Արցախ, որդուն հանդիպել էր սեպտեմբերի 30–ին, որն էլ եղավ նրանց վերջին հանդիպումը․ «Հասա մարտական դիրք, Զորկիը ինձ տեսավ, զարմացավ, ասեց ինչի՞ ես եկել, բայց միևնույն ժամանակ նկատեցի նրա ոգևորությունը»։
Դրանից հետո որդու հետ շփվել են միայն հեռախոսով, որի ընթացքում էլ հայրը երբեք որդու ձայնի մեջ ընկճվածություն չի նկատել․ միշտ համարձակ ու վստահ է խոսել։
Որդու հոգեհանգստի օրը կրկնակի ցավ ապրեցին, երբ իմացան զինադադարի ու Արցախի մեծ մասը հանձնելու մասին, բայց Վախթանգ Շահրամանյանը լավատես է, դեռ ամեն ինչ կորած չէ։
«Հայրենիքից ու որդուց բացի ես կորցրել եմ նաև ընկներներ, գործընկերներ, ու այդ ցավը շատ դառն է իմ ու ընտանիքի համար, բայց ես լավատես եմ, որ այս հարցը լուծված չի, մենք դեռ անելիքներ ունենք, վերականգնելու ենք Արցախի ամբողջականությունը, կգա այն օրը, երբ ես կգնամ Եռաբլուր՝ Զորիկի շիրիմին, ու կասեմ հանգիստ հանգչիր տղաս, քանի որ հայրենիքդ հուսալի ձեռքերում է, այն, ինչի համար դուք գնացիք, իզուր չէր»,-ասում է հայրը։
Զորիկը մայրը՝ Մանուշ Սահակյանը նշում է՝ որդին պրպտող էր, արդեն 16 տարեկանում հասցրել էր ստեղծել համակարգչային ծրագրեր ու վաճառել դրանք, փոքրուց էլ աչքի է ընկել իր նկարչական տաղանդով ու զորակոչվելուց առաջ ընդունվել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան․ նպատակները շատ էին, որոնք, սակայն, մնացին անկատար։
Շահրամանյանների ընտանիքը երկու տարի է, ինչ Արցախից տեղափոխվել են Երևան, գալու հիմնական նպատակը երեխաների համար ապահով ապագա կառուցելն էր։
Զորիկն իր զսպվածությամբ աչքի էր ընկել նաև ճարտարապետների պալատին կից «Ճարտարապետություն և արվեստ» ստուդիայում, որտեղ և սովորել էր, ու դարձել ստուդիայի ընտանիքի մի մասնիկը։
«Ինքը բավականին լավ միավորներով ընդունվեց, ու հուսով էի, որ ինքը մեր Ճարտարապետության և շինարարության համալսարանում կբացվի, ու մենք իրա մասին կլսենք, որպես անձնավորություն, որպես մասնագետ»,- պատմեց ստուդիայի տնօրեն Ռոբերտ Մինասյանը։
Հարազատներն ու ծանոթները հերոս Զորիկին հիշելու են իր բարությամբ, անսահման անձնվիրությամբ ու դիմացինին օգնելու պատրաստակամությամբ։










