22 տարվա ծառայությունն ավարտվեց Արցախյան երրորդ պատերազմում. փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանը հայտնվել էր շրջափակման մեջ ու զոհվել

23:15 • 02.02.21

Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանը կյանքի 22 տարիները նվիրել է բանակին ու հայրենիքին: Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ էլ զորքին մի քանի անգամ փրկելուց հետո հայտնվել է շրջափակման մեջ ու զոհվել:

«Մեզ ասացին, որ վիրավորվել է: Շատ տխրեցինք, բայց մի պահ էլ ուրախացանք, մտածեցինք՝ ոչինչ, կարևորը՝ ողջ է: Թող գա, թող թեկուզ վիրավոր գա: Երրորդ օրը անունը գրվեց ցուցակի մեջ, հետո նորից ասացին որ ողջ է: Ու այդպես մի ամիս հույսով ու հավատով սպասեցինք, որ կվերադառնա, որովհետև նա ուժեղ էր: Նա հզոր էր: Չգիտեմ՝ ինչու այսպես եղավ», - Tert.am-ի հետ զրույցում պատմում է Անդրանիկի կինը՝ Աննա Գրիգորյանը:

Անդրանիկի ծառայությունը՝ որպես պայմանագրային զինծառայող սկսվել է Հադրութից: Այնտեղ ծառայել ու ապրել են 5 տարի: Հադրութն ամեն ինչի սկիզբն ու վերջն էր:

«Չէի պատկերացնում, որ Հադրութը մեզ հանգիստ չի թողնի, որ Հադրութը միշտ հիշելու եմ, որ Հադրութով վերջացավ ամեն ինչ: Իր աշխատանքը սկսվեց ու ավարտվեց Հադրութում», - ասում է Աննան:

Անդրանիկի ավագ որդին հպարտությունն ու ցավը լուռ է տանում: Կրտսեր որդին՝ Ալենը հոր մասին հպարտությամբ է խոսում՝ գլուխը բարձր, ճակատը՝ պարզ: Ասում է՝ հոր առաքելություններից մեկը հիմա իր ու եղբոր ուսերին է:

«Ես հայրիկիս նման հերոս պետք է լինեմ: Ես հիմա էլ եմ հերոս, ուժեղ հերոս եմ: Ես հերոսի որդի եմ: Պետք է ուժեղ լինեմ, որ իմ մայրիկին պաշտպանեմ», -ասում է Անդրանիկի որդին՝ Ալենը:

Անդրանիկ Մանուկյանը հասցրել է ծառայել նույնիսկ Աֆղանստանում: Այնտեղից վերադարձել պատվոգրերով ու մեդալներով: Սպա դառնալու միտքը սկզբում ծնողներին վախեցրել է: 10-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ավարտելիս էլ հայտնել՝ ծառայելու է Արցախում:

«Շարքում կանգնած էր, հարցրի՝ Անդո, որտե՞ղ են նշանակել ծառայության, ասաց՝ Արցախում: Այդ պահին կարծես երկրագունդը փուլ գար գլխիս: Կարծես հասկանայի, որ որդուս Արցախում կկորցնեմ», - պատմում է Անդրանիկի մայրը:

Անդրանիկը պատերազմից ոչ մի բառ չի պատմել: Ասել է՝ որ Արցախում չի լինելու: Նրա քաջության մասին լսել են մյուս սպաներից, որոնք պատերազմի ժամանակ Անդրանիկի կողքին են եղել: Կինն ասում է՝ Անդրանիկից մնացել են լուսանկարներն ու հուշերը, որոնցից ամեն մեկը առանձին ցավ է դարձել:

«Ուրախությամբ էր լցնում մեր օրը: Առանց իր ներկայության շատ դժվար է: Ինչքան նպատակներ ու երազանքներ ունեինք, բոլորը կիսատ մնացին: Հիմա փորձում եմ ապրել իմ ու իմ Անդրանիկի փոխարեն՝ հանուն մեր որդիների: Տղաներս շատ են հպարտանում իրենց հայրիկով: Բայց այդ հպարտության հետ մեկտեղ զգում եմ, որ վրեժով են լցված: Կրտսեր տղաս՝ Ալենն ասում է՝ մա՛մ, մեծանամ, տե՛ս՝ ինչ եմ անելու թշնամուն», -ասում է Աննան:

Փոխգնդապետի նվիրական աշխատանքի մասին խոսում են բազմաթիվ մեդալներն ու շնորհակալագրերը: Մայրը ցավով է նշում՝ կյանքը հայրենիքին նվիրեց, բայց պատասխան չստացավ:

«Իր կյանքի 22 լավագույն տարիները, ծաղկուն ժամանակաշրջանը նվիրեց հայրենիքին, բայց հայրենիքը մինչև այսօր ոչ մի բան չի արել: Անգամ Պաշտպանության նախարարությունից մեր դուռը չեն թակել ու գոնե մի շնորհակալական խոսք չեն ասել» - ասում է Անդրանիկի մայրը:

Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանն ընտրեց զինվորական ծառայությունը՝ որոշելով նաև իր ճակատագիրը՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքին ու զոհվել՝ հանուն հայրենիքի:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

ՀեղինակԱնի Սողոյան