«Թուրքիայի նոր սահմանադրության շուրջ քննարկումներ սկսելու ժամանակն է». Էրդողան

09:57 • 02.02.21

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է տարածել այն մասին, որ երկրի նոր սահմանադրության շուրջ քննարկումներ սկսելու ժամանակն է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հավանաբար, եկել է ժամանակը՝ դարձյալ քննարկում սկսելու նոր սահմանադրության շուրջ։ Շուտով մենք հանրության հետ կկիսվենք բարեփոխումների նոր փաթեթի փիլիսոփայության, նպատակների և հանձնարարությունների մասին տեղեկություններով։ Եթե այդ թեմայով համաձայնության հասնենք իշխող «Ժողովրդական դաշինք»-ի հետ, ապա առաջիկայում կսկսենք աշխատել նոր սահմանադրության վրա, կսկսենք քայլ անել խորհրդարանում օրենսդրության ուղղությամբ և նախագահի վարչակազմում՝ վարչական գործառույթների առնչությամբ»,- լրագրողների հետ զրույցում մանրամասնել է Էրդողանը:

Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահը չի հստակեցրել, թե ինչն է ծրագրվում փոխել սահմանադրությունում։

Հիշեցնենք՝ 2017 թվականի ապրիլին Թուրքիայում անցկացվել է սահմանադրական հանրաքվե՝ խորհրդարանական կառավարման ձևից նախագահականի անցման վերաբերյալ։

Հանրաքվեն ավարտվել է կառավարման ձևի փոխման կողմնակիցների հաղթանակով՝ աննշան առավելությամբ։