Մենք կռվում էինք՝ ապրելու համար. «Մաշտոց 1» ջոկատի տղաները պատմում են պատերազմի մասին (տեսանյութ)
«Մաշտոց 1» ջոկատի տղաները պատերազմի ժամանակ կորցրել են մարտական ընկերների, վիրավորվել, բայց վերադարձել են՝ նույն մարտական տրամադրվածությամբ: Ջոկատի հրամանատարին ընտրել են ավտոբուսի մեջ՝ Արցախ գնալու ճանապարհին: Հիմա պատմում են անցած օրերի, տեսածի, լսածի ու ապրածի մասին:
«Պատերազմի լուրն իմացանք ու շատ թաքուն գնացինք վայենկոմատ, շատ պայքարեցինք գնալու համար ու գնացինք: Հասանք Արցախ, սկզբում Մարտակերտ էինք գնում: Առաջին բանը, որ տեսանք ճանապարհին, արկերն էին: Մենք արդեն հասկանում էինք, որ պետք է գնանք, հասնենք Արցախ, բայց դեռ չէինք հասկանում՝ ինչ է կատարվում, ինչ պատերազմ է ու ինչպես է պետք պաշտպանվել», - Tert.am-ի հետ զրույցում պատմում է ջոկատի անդամ Ռուբիկ Կոշեցյանն ու հիշում մանրամասները՝ դիրքեր հասնելուց հետո:
Հոկտեմբերի 1-ի գիշերը մատաղիս հասցնելուց հետո մարտի են բռնվել, որից հետո վիրավորվել են ջոկատի տղաներից շատերը:
«Մի քանի հոգով բարձրացանք դիրքը պահելու: Թշնամին հարձակվեց ու մենք կռվեցինք այնքան ժամանակ, մինչև որ վերջացան մեր փամփուշտները, ու մենք չկարողացանք դիրքը պահել: Հենց այդպես էլ մեր պատմության էջը փակվեց», - պատմում է Ռուբիկ Կոշեցյանը:
Ջոկատից մի քանի տղաներ գերեվարվել էին: Հայրենիք վերադարձած Հայկ Դիլանյանը հիշում է մինչև գերեվարվելն ապաստարանում անցկացրած 20 օրերը:
«Մենք արդեն պլանավորել էին՝ ինչպես պիտի կռվենք: Ապաստարանի ձևը մեզ թույլ չէր տալիս մի քանի հոգով կռիվ տալ, պետք է մեկ-մեկ կռվեինք: Մեզնից յուրաքանչյուրս մեր անելիքն ունեինք, մեկը կարողանում էր անաղմուկ բացել պահածոյի տուփը, մյուսը՝ անաղմուկ լարեր լույսը, որով ուղղակի կարողանում էինք տեսնել միմյանց ուրվապատկերները, որ մարտի ժամանակ իրար չխփենք: Մտածում էի՝ գոնե մեռնելուց հետո իմ մահվան օրը կարողանան իմանալ, գոնե մարմինս տուն հասնի: Օրերն ամեն օր նշում էի թղթի վրա, որ եթե մի օր չնշեի, հասկանային, որ հենց այդ օրն եմ մահացել: Ադրբեջանցիներին, որոնք գալիս-գնում էին ապաստարանի մոտ, խնդրեցի խոստանան, որ մեր դիակները կուղարկեն տուն», - պատմում է Հայկ Դիլանյանը:
Ջոկատի անդամ Գևորգ Պետրոսյանը պատմում է, որ պատերազմի ընթացքում ոչ մի անսպասելի բան չի եղել: Պարզապես ամեն ինչ ավելի բարդ էր, քան պատկերացնում էին. Գևորգը մարտական գործողությունների մինչև այս չէր մասնակցել: Սա նրա առաջին պատերազմն էր:
«Ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել, ժամանակ չենք ունեցել մտածելու. պետք էր արագ գործել: Միշտ կար այն պահը, որ կարող էիր զոհվել: Դա արդեն սովորական էր, դրա մասին չէինք մտածում: Միայն մտածում էինք հայրենիքի մասին ու հենց դա էր մեզ առաջ մղում: Պատերազմում նահանջի տեղ չունես: Պիտի մտածես միայն ապրելու մասին», - ասում է Գևորգ Պետրոսյանը:
Տղաներն ասում են՝ լինում են ճակատամարտեր, որոնք հաղթում ես կամ պարտվում, բայց պարտությունը պիտի ավելի գիտակից դարձնի պարտվող կողմին: Ասում են՝ սա ազդակ էր, որ մենք այնքան էլ լավ պատրաստված չենք, բայց դեռ կպատրաստվենք:
Տղաներն ասում են՝ պատերազմի ժամանակ մահվան մասին չեն մտածել: Դրա ժամանակն էլ չեն ունեցել:
«Մենք կռվում էինք ապրելու համար: Երբեք չենք ասել՝ մեռնենք հանուն հայրենիքի: Չէ, ինչո՞ւ: Մենք կկռվենք ու կապրենք հանուն հայրենիքի», - ասում է Ռուբիկ Կոշեցյանը:
Տղաները պատրաստ են յուրաքանչյուր պահի կրկին կռվել հայրենիքի համար:
Մանրամասները՝ տեսանյութում:










