Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց. դատարանը կարիք ուներ ուսումնասիրելու քննիչի կողմից ներկայացված նյութերը. փաստաբան (տեսանյութ)
Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքի քննության նիստը հետաձգվեց վաղն առավոտյան ժամը 11:00: Դատարանը կարիք ուներ ուսումնասիրելու քննիչի կողմից ներկայացված նյութերը: Մենք չառարկեցինք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Աթանեսյանը նշեց, որ ձերբակալությունն ապօրինի է և ըստ իրեն՝ ձերբակալման միակ պատճառը, որ կարող է լինել, Նարեկ Մալյանի կողմից բեմադրված ֆուտուրիստական ներկայացումը խաթարելն էր:
Անդրադառնալով երեկվանից սկիզբ առած՝ ընդդիմադիր քաղաքական ու հասարակական գործիչների ձերբակալություններին՝ Աթանեսյանը նշեց. «Նրանք դողում են իրենց աթոռի համար և գիտեն, որ առանց այդ աթոռի, առանց ոստիկանական պատնեշների ու քրեական գործերի չեն կարող: Իրենք ամեն ինչ արեցին, որ այդ կյանքը չունենան և չեն ունենալու»,- ասաց նա և հավելեց՝ սա իշխանությունը կորցնելու վախ է:










