Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց «Gagik Soghomonyan» օգտատիրոջ գործով Մհեր Ավագյանի ձերբակալությունը, իսկ ԱԱԾ միջնորդությունը կալանավորման վերաբերյալ՝ մերժեց. փաստաբան (տեսանյութ)

20:13 • 21.02.21

Լուսանկարում՝ Միքայել Շխիմյանը

Ֆեյսբուքյան «Gagik Soghomonyan» օգտատիրոջ գործով ձերբակալված Մհեր Ավագյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվեց. դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալությունը, իսկ ԱԱԾ միջնորդությունը կալանավորման վերաբերյալ՝ մերժեց: Այս մասին Tert.am-ի հետ իր վստահորդի հետ դատարանից դուրս գալուց հետո հայտնեց փաստաբան Միքայել Շխիմյանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին։

Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226.-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Նշենք նաև, որ ԱԱԾ-ն ներկայացրել էր կալանքի միջնորդություն և այս գործը քննվել էր համատեղ նիստում: