Պետք է ամուր կանգնել, լինել համբերատար և պատրաստ վճռական գործողությունների, մեր շարժման վճռական օրերը առջևում են. Վազգեն Մանուկյան
Այս մի քանի օրերը ամենավճռականն են մեր շարժման մեջ, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ մտավ բանակ և բանակը կոտրեց, բանակը հլու-հնազանդ ենթարկվեց այդ ջարդին, ժողովուրդը ծափահարում էր, «գեներալ» անունը հայհոյանք էր դարձել, թե ինչին բերեց դա, մենք տեսանք պատերազմի ժամանակ: Այս մասին Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը:
Ըստ նրա՝ ԳՇ տեղակալին պաշտոնանկ անելով և լարված իրավիճակ ստեղծելով՝ Նիկոլ Փաշինյանը նորից փորձ է անում ջարդել բանակը և եթե նրան չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ապա ինքը կհամարվի պարտված բոլոր ուժային կառույցների առաջ, իրեն արդեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց.
«Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի և կարողանա Սահմանադրական դատարանով, նախագահի միջոցով կամ մեկ այլ ձևով հանել Օնիկ Գասպարյանին, ի՞նչ կլինի դրանից հետո. տրամաբանությունն այն է, որ բանակը պետք է ոտքի կանգնի և այդ ժամանակ ամենավճռական օրերը կսկսվեն Հայաստանի համար:
Ես համոզված եմ, որ բանակը պետք է ոտքի կանգնի, եթե չկանգնի, մենք պետք է ոտքի կանգնեցնենք: Մենք շատ գործ ունենք անելու՝ պատգամավորների հետ աշխատելու, շրջաններ գնալու, բայց այս մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը, երկու դեպքում էլ տեսնում եմ Նիկոլի պարտությունը: Դրա համար ամուր պետք է կանգնել, լինել համբերատար և պատրաստ վճռական գործողությունների, վճռական օրերը առջևում են»:










