Ուզում ենք հասկանալ մեր հողերի հետագա ճակատագիրն ի՞նչ է լինելու. իջևանցիները փակել էին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը (տեսանյութ)  

15:55 • 09.03.21

Իջևանցիները փակել էին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ՝ հասկանալու համար, թե Տավուշի սահմաններում ինչ է տեղի ունենում:

Քաղաքացիների հետ հանդիպեց Իջևան քաղաքի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալը և քաղաքացիներին հորդորեց ճանապարհը բացել:  

«Դուք խախտում եք հասարակական կարգը, խախտում եք երթևեկությունը, ձեզ հորդորում եմ ճանապարհը բացել: Մարզպետի հետ շփվելու և քննարկելու անհրաժեշտություն չկա, որ միջպետական ճանապարհը փակվի, կարաք գնաք մարզպետարան, հանդիպում պահանջեք, քննարկեք ու հասկանաք, ի՞նչ կարիք կա միջպետական ճանապարհը փակել, սխալ ճանապարհ եք ընտրել»,- նշեց նա:

Լրագրողի հարցին՝ մտահոգիչ չէ իր համար Տավուշի սահմաններում տեղի ունեցող իրադարձությունները, ոստիկանպետի տեղակալը պատասխանեց. «Միայն Տավուշի սահմանները մեզ մտահոգիչ չէ, հանրապետության բոլոր սահմաններն էլ մեզ մտահոգիչ են, Տավուշում առհասարական ոչինչ չի կատարվում»:

Ակցիայի մասնակիցը նշեց՝ ճանապարհը կբացեն միայն մարզպետի հետ հանդիպումից հետո.

«Տավուշի մարզպետից ուզում ենք պարզաբանում՝ հասկանանք մեր հողերի հետ հետագա ճակատագիրն ինչպե՞ս է լինելու: Մենք մեր պապերից ժառանգություն ենք ստացել, այսօր մտահոգություն է առաջացել, որ այդ տարածքները կարող են հանձնվել թշնամուն: Մարզպետը մենակ ասել է՝ ոչ մի տարածք չենք տալու, բայց ես ուզում եմ հասկանալ՝ մարզպետի պատկերացրած Տավուշի մարզն ու իմ պատկերացրած Տավուշի մարզի տարածքը նո՞ւյն է, թե՞ տարբեր է»: