Նյու Յորքի նահանգապետը կարող է պաշտոնանկ արվել սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքների պատճառով
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Օրենսդիր ժողովի ստորին պալատի պրոֆիլային կոմիտեն հետաքննություն կանցկացնի, որպեսզի գնահատի՝ արդյոք բավարար հիմքեր կան Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին լիազորություններից զրկելու համար, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար, ստորին պալատի խոսնակ Կառլ Խիստիի կայքում հրապարակված հաղորդագրությանը հղումով գրում է Associated Press-ը:
Օրենսդիրը, որը, ինչպես և Կուոմոն, դեմոկրատ է, նշել է, որ պալատի իրավաբանական կոմիտեին հանձնարարվել է «պաշտոնանկության վերաբերյալ հետաքննություն սկսել»: Դրա շրջանակներում կուսումնասիրվեն «Նյու Յորքի նահանգապետի հասցեին հնչող մեղադրանքները»։
Ինչպես հետևում է փաստաթղթից, կոմիտեի անդամները կկարողանան «զրույցել վկաների հետ և գնահատել ապացույցները»:
Խիստին ընդգծել է Կուոմոյի նկատմամբ մեղադրանքների լրջությունը և վստահություն է հայտնել, որ հետաքննությունն իրականացվելու է մանրակրկիտ կերպով և առանց ուշացումների:
Ինչպես նկատում է աղբյուրը, այս ընթացակարգը կարող է դառնալ նահանգապետին իշխանությունից հեռացնելու գործընթացի առաջին քայլը․ դրան կողմ են արտահայտվել նահանգի Օրենսդիր ժողովի շատ անդամներ, այդ թվում՝ դեմոկրատները։
Հիշեցնենք, որ Կուոմոյի երկու նախկին օգնականները՝ Շարլոտա Բենեթը և Լինդսի Բոյլանը, նրան մեղարդել էին սեռական ոտնձգությունների համար:Եվս մեկ կին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին մեղադրել էր անվայել պահվածքի համար։ Վերջինս հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։









