Հրեա միլիոնատերն ամբողջ ունեցվածքը կտակել է իրեն խնամող բուժքրոջը` հարազատ որդուն թողնելով ընդամենը 10 շեկել

10:23 • 13.03.21

84-ամյա իսրայելցի միլիոնատերը, որը մի քանի ամիս առաջ է մահացել, իր ողջ ունեցվածքը կտակել է իրեն խնամող բուժքրոջն ու նրա ամուսնուն, որոնք իր կյանքի վերջին տարիներին իրեն էին խնամում: Մինչդեռ հարազատ որդուն, որը բնակվում է արտերկրում, միլիոնատերը կտակել է ընդամենը 10 շեկել (Իսրայելի ազգային արժույթը), ինչի մասին հայտնում է vesty.co.il-ը:

Հանգուցյալի որդին փորձել է բողոքարկել կտակը` պնդելով, որ խնամատարն ու նրա ամուսինն իր հորը ստիպել են ունեցվածքն իրենց կտակել և պահանջելով իրեն ճանաչել հանգուցյալի կարողության միակ ժառանգ:

Դատական գործընթացի արդյունքում պարզվել է, որ միլիոնատիրոջ որդին հոր հետ կապ չի պահպանել, երբևէ նրան չի այցելել և նույնիսկ հուղարկավորությանը ներկա չի եղել:

Միևնույն ժամանակ նշվել է, որ կտակը ստորագրվել է նոտարի ներկայությամբ, որն էլ փաստել է, որ միլիոնատերն այդ պահին սթափ և գիտակից վիճակում է եղել: Արդյունքում դատարանը չի բավարարել որդու հայցը: