Նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջադեպի գործի նյութերը վաղը կուղարկվեն ՀՔԾ՝ քրգործ հարուցելու համար. փաստաբան

23:11 • 18.03.21

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի և ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո դեպքի վայրի զննություն է իրականացվել: Վաղն արդեն գործի նյութերը կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական գործ հարուցելու համար: Այս մասին այսօր Tert.am-ին հայտնեց լրագրող Փայլակ Ֆահրադյանի փաստաբան Սոսե Չանդոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:

Փաստաբանը նշեց, որ Կենտրոնի ոստիկանություն հանցագործության վերաբերյալ հաղորդում են տվել, ներկայացրել են ձեռքի տակ եղած բոլոր ապացույցները՝ տեսանյութեր, նկարներ, որոնք հավաստում են մարմնական և գույքային վնասները:

 

«Բնականաբար, գործի նյութերը կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն, քանի որ տվյալ պարագայում ոտնձգություն իրականացնողը պաշտոնատար անձ է»,- նշեց փաստաբանը:

«Լրագրողը պահպանելով լրագրողական էթիկայի նորմերը կատարել է իր մասնագիտական օրինական գործունեությունը, փաստացի նախարարին ուղղել է հանրությանը հետաքրքրող հարցերից մեկը ու արժանացել խիստ ագրեսիվ վերաբերմունքի: Նախարարը, ով պարզապես կարող էր օգտվել հարցերին չպատասխանելու իր իրավունքից, դրսեւորել է պաշտոնատար անձին ոչ հարիր պահվածք: Նա սպառնացել է լրագրողին, վիրավորել, ապա կարծես հատուկ ծրագրված ու նախապես պլանավորած գործելաոճով հարձակվել լրագրողի վրա, ենթարկել ֆիզիկական բռնության, ինչպես նաեւ վնասել գույքը: Նա նաեւ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել լրագրող Տաթեւ Այվազյանի նկատմամբ, ով պարզապես փորձել է պաշտպանել իր գործընկերոջը նախարարի բռունցքներից: Գործի փաստական հանգամանքերից այլ մանրամասներ այս պահին չեմ հայտնի, դրանք կներկայացնենք հետագայում:

Շրջանառվող այն տեղեկությունները, թե Փայլակ Ֆահրադյանը սադրել ու հայհոյել է իրականության հետ որեւէ աղերս չունեն: Նրա գործողությունները եղել օրենքի տառին համապատասխան, իսկ նախարարը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով պատժելի արարք: Նման տեղեկությունների տարածումը ունեն մեկ նպատակ՝ սեւացնել լրագրողին եւ փորձել ինչ-որ ձեւով արդարացնել նախարարի խայտառակ պահվածքը: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեության ցանկացած խոչըդոտում պետք է արժանանա համարժեք պատասխանի ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ մասնագիտական համայնքի ու հանրության կողմից»,- ասաց նա:

Նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջադեպի գործի նյութերը վաղը կուղարկվեն ՀՔԾ՝ քրգործ հարուցելու համար. փաստաբան