Մենք հավակնում ենք լինել փոքր և միջին բիզնեսի շահերն արտահայտող կուսակցություն․ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Մանուկ Սուքիասյան

15:43 • 24.03.21

2020 թվականի իրադարձություններն ստիպեցին «Ինտելեկտուալ ակումբ» ֆորմատին տալ քաղաքական ձևավորում և գիտության միջոցով փորձել ավելի բարեկեցիկ դարձնել Հայաստանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Մանուկ Սուքիասյանը։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից ընթացող իրադարձությունները մեզ հարկադրեցին մեր այդ «Ինտելեկտուալ ակումբ» ֆորմատին տալ որոշակի քաղաքական ձևավորում, մեր հիմնական գաղափարախոսական ուղղվածությունը և մոտեցումը կայանում է նրանում, որ պետք է գիտելիքի շնորհիվ բարելավենք երկրի կարգավիճակը»,- ասաց Մանուկ Սուքիասյանը։

Կուսակցության համահիմնադիրը նաև ներկայացրեց «Ինտելեկտուալ Հայաստան»-ի հիմնական ուղղությունը և նշեց՝ փորձելու են գիտության և կրթության միջոցով բարեկեցիկ ապագա ստեղծել և հավակնելու են փոքր և միջին բիզնեսների շահերի պաշտպանությանը։

«Մենք հավակնում ենք լինել փոքր և միջին բիզնեսի շահերը քաղաքական և հանրային կյանքում արտահայտող քաղաքական ուժ և շեշտադրումը կատարելու ենք ինտելեկտի վրա։ Ցանկացած ուղղությամբ ամենափոքր խնդիրների կարգավորումից մինչև գլոբալ խնդիրներ պետք են գիտելիքներ և գիտելիքներով օժտված մարդիկ, խոսքը միայն ակադեմիական կրթության մասին չէ։ Գիտելիքի միջոցով մեր երկիրն ունենալու է ավելի բարեկեցիկ հասարակություն, իսկ բարեկեցիկ հասարակության պարագայում մենք ունենալու ենք պաշտպանված մարդու իրավունքներ, հզոր տնտեսություն և մարտունակ բանակ»,- նշեց կուսակցության համահիմնադիրը։

Նա նաև նշեց՝ մինչև կուսակցություն հիմնելը կառույցն աշխատել է այլ ֆորմատով, եղել է գիտական քննարկումների փակ ակումբ ոլորտի նախկին պատասխանատուների մասնակցությամբ, եղել է քաղաքական իրավիճակներից անկախ ակումբ։

«Դեռևս 2019 թվականին ստեղծվել է «Ինտելեկտուալ ակումբ» ֆորմատը, որտեղ տարբեր թեմաներով քննարկումներ են եղել տարբեր ոլորտների նախկին պատասխանատուների հետ փակ հանդիպումներ և այդ ֆորմատում ընդգրկված են եղել գիտության, բիզնեսի և հասարակական այլ շերտերի ներկայացուցիչներ և պարբերաբար փորձել ենք մտագրոհի ֆորմատով ստեղծել որակապես նոր մակարդակ անկախ նրանից՝ տվյալ պահի գործող իշխանությունը, կամ ընդդիմությունը ով է»,- ասաց նա։