«Անվախ աղջկա» արձանն իմ ստեղծագործությունը չէ, դա պատվեր է. Արմեն Սամվելյան

10:58 • 08.04.21

Պատվերը եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, դա իմ հեղինակային աշխատանքը չէ, բայց նաև պետք է նշեմ՝ ոչինչ պատճենված չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Անվախ աղջկա» արձանի հեղինակ Արմեն Սամվելյանը՝ անդրադառնալով հարցին, որ արձանի գաղափարը վերցված է Նյու Յորքի Fearless Girls արձանից:

«Արձանի գաղափարը և տեսքը եղել է պատվիրատուինը և դա այդ արձանի պատճեն չէ: Պատվիրատուները ցանկացել են, որ արձանը լինի հայկական մոտիվներով՝ տարազ, դիմագծեր և այլն: Արձանը իմ ստեղծագործական աշխատանքը չէ, սա պատվեր է, որը ես իրականացրել եմ»,- ասաց Արմեն Սամվելյանը։

Արձանի հեղինակը նաև նշեց, թե ինչքան գումար է հատկացվել արձանի համար և ընդգծեց՝ արձանը պետք է տեղադրված լիներ դեռ նախորդ տարի:

«Մոտավոր 1 միլիոն դրամ  արժեր արձանը, քանդակը պատրաստ է եղել մեկ տարի առաջ և պետք է տեղադրվեր նախորդ տարվա մարտի 8-ին, բայց համավարակի պատճառով հետաձգվեց և երեկ նոր տեղադրվել է»,- նշեց հեղինակը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը տեղեկացրեց, որ արձանը Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի նվերն է։

Հիշեցնենք, որ երեկ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղադրվել է «Անվախ աղջկա» արձանը: