Ոստիկանապետը ՊՆ շենքի մոտ ակցիա իրականացնողներին փոխանցել է՝ նախարարությունը պատրաստ է ընդունել 10 ծնողի. առաջարկը մերժվել է (տեսանյութ)

14:09 • 09.04.21

18:30

ՊՆ-ի շենքի մոտ հավաքված անհայտ կորածների և գերիների հարազատների հետ խոսել է ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Նա նրանց փոխանցել է՝ նախարարությունը պատրաստ է ընդունել 10 ծնողի, բայց այս առաջարկը չի ստացել ծնողների համաձայնությունը:

17:15

Այս պահին ՊՆ ներկայացուցիչը հնչեցնում է անհետ կորածների ու գերիների հարազատների անուններ, որոնք հանդիպում կունենան ՊՆ-ում։ Դեռևս հայտնի չէ՝ ում հետ կկայանա հանդիպումը։

ՊՆ-ից հայտնել են, որ համաձայն են հանդիպել քաղաքացիների հետ, սակայն այն պայմանով, որ բացվեն ՊՆ շենքի բոլոր մուտքերը, և ներս կարող են մտնել միայն 50 հոգի, սակայն ծնողները համաձայն չեն այդ պայմանին։

16։09

Մնալու ենք այստեղ, տուն չենք գնալու, տուն գնանք, ինչ անենք։ Բացարձակապես ոչ մեկը չի ընդունել մեզ։ Պահանջում ենք մեր երեխաներին բերել։ Այս մասին ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ շենքը շրջափակած քաղաքացիներից մեկը, ում որդին, ենթադրաբար, գերեվարված է։

Հարցին՝ գերիներին վերադարձնելու համար բավարար ջանքեր չե՞ն գործադրվում, քաղաքացին արձագանքեց՝ իհարկե՝ ոչ․ «Եթե ջանքեր ներդրվեին, հիմա մեր երեխաները վաղուց կգային։ Երեկ երկու ինքնաթիռ գնաց, երկուսն էլ դատարկ եկան, ինչն էր պատճառը»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե ասում են՝ Ադրբեջանը չի տվել գերիներին, ենթադրյալ գերու հայրն արձագանքեց՝ միշտ էլ դա է պատճառը․ «Ադրբեջանը չի տվել, իրենք էլ թող Քարվաճառը չտային, ինչո՞ւ տվեցին, թող նախքան Քարվաճառը տալը գերիներին ուզեին, հետո նոր Քարվաճառը տային, ի՞նչն էր խանգարում իրենց»,- ասաց նա։

Քաղաքացու ներկայացմամբ՝ որդին 18 տարեկան է․ «1-1,5 ամիս ծառայած, հանել են դիրքեր, ոչ մեկը պատասխան չի տալիս դրա համար»,-նշեց նա։

Հարցին՝ ինչպես է ենթադրում, որ որդին գերի է, քաղաքացին արձագանքեց, թե իրեն զանգահարել են ադրբեջանական համարից ու ասել այդ մասին․ «Ասացին՝ երեխան մեզ մոտ է։ Նույն ադրբեջանցին, նույն համարով 5 օր առաջ կապ է հաստատել այն  երեխաների ընտանիքի անդամների հետ, որոնք իմ երեխայի հետ չկային։ Եթե տղաս իրենց մոտ չէր, ինչո՞ւ էին կապ հաստատել ինձ հետ։ Զանգից հետո ԱԱԾ-ին եմ դիմել, մնացած հարցերը ԱԱԾ-ն կպարզի»,-ասաց նա։

15:32

ՊՆ շենքից դուրս եկավ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը հանդիպում էր անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատների  հետ։ ՊՆ շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել, որը, սակայն, չեն թույլատրում տեսանկարահանել։


15:07

Անհետ կորածների ու գերիների հարազատները շարունակում են գտնվել ՊՆ շենքի մոտ։ Այնտեղ պարբերաբար ժամանում են ուղղաթիռներ։ Քիչ առաջ նաև տեսանյութ տարածվեց, որ ուղղաթիռով էվակուացնում են ՊՆ տարածքում գտնվող աշխատակիցներին։

14:09

Անհետ կորածների ու գերիների հարազատները շարունակում են շրջափակված պահել ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը և հանդիպում են պահանջում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ։ 

Նրանք պահանջում են, որ պաշտոնյաները մոտենան իրենց, ոչ թե իրենց մի մասը ներս մտնի։ Տարածքում են մեծաթիվ ոստիկաններ։

Քիչ առաջ ՊՆ ժամանեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը հանդիպեց ծնողների հետ, սակայն ընթացքը չեն թույլատրում նկարահանել։