Հիմա մեր հերթն է, գալիս ենք իշխանություն վերցնելու, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

11:02 • 12.04.21

Մենք բոլորս գիտենք, որ թուրքական որոշ ապրանքներ կարող են գալ Վրաստանից, այն, ինչ որ միշտ եղել է: Այս մասին ԱԺ-ում Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ 10-15 տարի Թուրքիայի հետ ունենք մոտ 280-300 մլն դոլարի ներկրում և ընդամենը 2-3 մլնի արտահանում:

«Հիմա այդ նույն պրոցեսը կարող է շարունակվել, գալ Վրաստան, տարրայավորվել, վերափաթեթավորվել, տարրաների վրա վրացական անուններ գրեն և քանի որ Հայաստանը Վրաստանի հետ ունի ազատ առևտրի համաձայնագիր, այն հանգիստ կմտնի Հայաստան: Փոխնախարարն էլ ընդունեց, որ որոշ սեգմենտներ բիզնեսի չեն հասցրել փակել, այլընտրանքային ուղիներից բերեն իրենց ինչ-որ ապրանքներ և այդ փուլը կարող է օգտագործվել»,- ասաց Մելքումյանը:

Դիտարկմանը, որ երեկ ամբողջ համացանցը լցված էր Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի լուսանկարներով և տեսանյութերով, և հարցին՝ արդյո՞ք տեղին չէին դիտողությունները և քննադատությունները առ այն, որ ազգը սգի մեջ է և մի կողմից իրենք հայտարարում են հայրենիքի փրկության մասին, մյուս կողմից այդ աստիճան շքեղ հարսանիք են կազմակերպում, պատգամավորը պատասխանեց. «Դա անձնական միջոցառում է, կենտրոնանալ ընտանիքի, մարդու անձնական միջոցառման վրա և դա սարքել չգիտեմ ինչ, դրա փոխարեն ավելի լավ է մեր ազգը կենտրոնանա այն խնդիրների վրա, որը համազգային բնույթ ունի: Համազգային բնույթ ունեցող հարցերը պետք է լուծվեն: Կարծում եմ՝ անձնական է, հնարավոր է՝ նախընտրական բնույթ ունի, մեկ այլ պարագայում, գուցե այդքան չկենտրոնանային: Եթե չլիներ նախընտրական փուլ, որը մոտենում է, միգուցե այսպիսի արձագանք չլիներ, ընկալվեր սովորական, բայց իրենց գործն է, համացանցում ինչ ասես, որ չի լինում»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Հարցին, թե ԲՀԿ-ն ինչու է մասնակցում ընտրություններին, Մելքումյանը պատասխանեց՝ Հայաստանն անցած 30 տարվա ընթացքում ունեցել է բավականին բարդ և հետաքրքիր հետագիծ քաղաքական դաշտում: Սակայն նրա խոսքով՝ Հայաստանում 30 տարվա ընթացքում պառլամենտական ընտրությունների ժամանակ արկղի մեջ թուղթ գցելով իշխանություն երբեք չի փոխվել:

«Մենք հիմա շանս ունենք առաջին անգամ պառլամենտական երկրում պառլամենտական ընտրությունների միջոցով իշխանափոխություն անել: Սակայն եթե նախորդ 30 տարվա իրողությունները մարդկանց վստահություն չեն ներշնչում , դա նշանակում է, որ մենք զարգացում չենք ունենա: Կարծում եմ՝ ընտրության արդյունքները պետք է լինեն խիստ բալանսավորված և 50+1% ոչ մեկ չի կարող հավաքել: Եվ այս պահին հաշվի առնելով մեր քաղաքական ուժի հետագիծը՝ հիմա մեր հերթն է, գալիս ենք հաղթելու, իշխանությունը վերցնելու, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար»,- ասաց պատգամավորը: