Թուրքիան ցանկանում է Հայաստանին վերջնականապես տնտեսական կախվածության մեջ գցել, ինչպես վարվում է Վրաստանի տարածքում. Աշոտ Մելքոնյան
Թուրքերը ոչնչով չեն փոխվել, նրանք խոսում են մեզ հետ կայսերական մոտեցմամբ և պարտադրանքի լեզվով և այդ պայմաններում ակնկալել հայ- թուրքական հարաբերությունների նորմալացում՝ համարում եմ առնվազն քաղաքական միամտություն. Tert.am- հետ զրույցում խոսելով հայ- թուրքական հարաբերություններում շտկումներ մտցնելու մասին ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
«Թշնամական հարաբերություններ պահպանող երկիրը բացառվում է, որ իր տնտեսական քաղաքականությունը ծառայեցնի քո տնտեսական զարգացման ու բարգավաճման համար, ընդհակառակը՝ ամեն ինչ կանի, որ գցի կախվածության մեջ: Ադրբեջանի և Թուրքիայի միջև ոչ բարով միջանցքը, որ Մեղրիի տարածքով կամ Սյունիքի մեկ այլ տարածքով պետք է անցնի, մեզ համար կլինի աղետալի՝ և՛ Թուրքիայից, և՛ Ադրբեջանից տնտեսական կախվածությունը կդառնա անտանելի: Թուրքիան ցանկանում է Հայաստանին վերջնականապես տնտեսական կախվածության մեջ գցել, ինչպես վարվում է Վրաստանի տարածքում: Հայաստանի տարածքում նրանք ցանկանում են ստեղծել ազատ տնտեսական գործունեություն, շինարարություն, բիզնեսի վերահսկողություն, ճանապարհների վերահսկողություն և այլ ոլորտներում»,- ընդգծեց պատմաբանը:
Մելքոնյանի համոզմամբ՝ Թուրքիայի հանդեպ պետք է վարել միայն արժանապատիվ քաղաքականություն, որքան էլ մեր պայմաններն այսօր ծանր լինեն՝ արժանապատիվ քաղաքականություն վարելու պայմաններում միայն քեզ հետ կարող են հաշվի նստել, իսկ եթե այսպիսի կրավորական վարքագծով շարունակեցինք հարաբերվել հարևան երկրների հետ չենք շահի։
«Թուրքերը Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելիս միշտ խոսել են նախապայմաններով, առաջին պայմանը, որ մեր առջև դրել են դա 1991 դեկտեմբերի 1-ին Հայաստանը ճանաչելիս է եղել: Պահանջում էին, հռչակագրի 12-րդ կետը, որտեղ խոսվում է Հայոց ցեղասպանության խնդիրը միջազգային ներքաղաքականության բաղադրամաս դարձնելու մասին, հանել և մինչև հիմա այդ մասին խոսում են: Խոսում են 2015 թվականի հունվարի 29-ին Ցեղասպանության 100–ամյակի կապակցությամբ ընդունված հռչակագրից, որտեղ խոսվում է Ցեղասպանության հետևանքների վերացման մասին, խոսվում է չարաբաստիկ հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրություններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, որն իրենց պատկերացմամբ ենթադրում էր զորքերի դուրս բերումը գրավյալ տարածքներից և այլն: Բոլոր նախապայմանները Թուրքիան միշտ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելիս օրակարգ է բերել, նման մոտեցումներով հայ-թուրքական հարաբերություններ կառուցել՝ անկարելի է»,– ասաց նա:










