ԵՄ–ն ցանկացած պարագայում հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին. ԵՄ դեսպանը՝ Սյունիքի սահմանային իրադարձությունների մասին (տեսանյութ)

17:34 • 20.05.21

Սյունիք այցի նպատակը փաստահավաք առաքելություն իրականացնելն է և սահմանային իրադարձություններին տեղում ծանոթանալը: Եվրամիությունը ցանկացած պարագայում հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին, ինչպես և այս պարագայում, հույս ունեմ շուտով վերադառնալ Սյունիք՝ գալիք ծրագրերը քննարկելու և խաղաղ պայմաններում այցը կազմակերպելու նպատակով. այսօր Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք եղել է Սև լճում և հանդիպե՞լ է համայնքի ղեկավարի հետ, Վիկտորինն ասաց, որ Սև լճի տարածքում չի եղել, անվտանգության նկատառումներից ելնելով՝ եղել ենք մոտակա բլուրի մոտ, իրենց հետ եղել է Սյունիքից պատգամավոր:

Հարցին, թե Ձեզ ներկայացրե՞լ են քարտեզը, ի՞նչ կարծիք կազմեցիք, Վիկտորինն ասաց, որ լսել է մի քանի քարտեզների մասին, ներկայացվել է 1969 թվականի քարտեզը՝ ավելացնելով, որ փորձագետ չէ և կոնկրետ կարծիք հայտնել չի կարող, բայց ակնհայտ էր, որ լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Tert.am-ի դիտարկմանը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թիրախավորվում էր խաղաղ բնակությունը այդ թվում՝ Սյունիքի մարզում, և հարցին՝ Ձեր կողմից հնչում էին հայտարարություններ, որոնք ուղղված էին երկու կողմերին, հիմա ձեր հետաքրքրության շրջանը ո՞րն է և Ձեր կողմից նշված ծրագրերը արդյո՞ք վերաբերելու են ճանապարհների ապաշրջափակմանը, և դրանք նոր ստորագրվելիք փաստաթղթի հետ կապ ունենալո՞ւ են, Վիկտորինը պատասխանեց, որ համաձայն չէ այն պնդման հետ, Եվրամիությունը միշտ ակտիվ է եղել 44-օրյա ընթացքում, իսկ այս այցը երեք օր առաջ համաձայնեցված է եղել արտաքին գործերի նախարարության հետ, մինչև սկսել են լուրերը փաստաթղթի հետ կապված:

Լրագրողը հետաքրքրվեց, ի՞նչ գործուն քայլեր կանի Եվրամիությունը, իրենց կողմից դատապարտվող տարածքային ամբողջականության խախտման և այս դեպքերը կանխելու ուղղությամբ, ԵՄ դեսպանը վստահեցրեց, որ ԵՄ-ն օգտագործում է իր բոլոր դիվանագիտական լծակները խնդրի ուղղությամբ և այն պնդումն, որ ԵՄ-ն հանդես է գալիս տարածքային ամբողջականության կողմից՝ դրանով ամեն ինչ ասված է:

Անդրադառնալով ռազմագերիների խնդրին, որ Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել նրանց, Վիկտորինն ասաց, որ Եվրամիությունը բոլոր մակարդակներում մշտապես բարձրացնում է ռազմագերիների հարցը:

Նրա խոսքով՝ այս պահին քննարկումներ են ընթանում Եվրախորհրդարանում, սա այն հարցն է, որ պետք է միշտ բարձրաձայնվի բոլոր մակարդակներում: