Երբ դու ծնկի ես եկել, դու չես կարող խաղաղություն ուզել, դու մուրում ես, սա էլ պարտադրված խաղաղություն է. Աննա Գրիգորյան (տեսանյութ)

21:33 • 20.05.21

Հայ ժողովրդի ճակատագրական որոշումները կայացվում են գաղտնի: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Սա պարտադրված փաստաթուղթ է, ինչպես նոյեմբերի իննինն էր»,-ասաց նա և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը այնքան է անկեղծանում, որ ասում է՝ ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ են գտնվում խորհրդային Ադրբեջանի տարածքները:Նա հարց բարձրացրեց, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է՝ «կիսատ-պռատ թողած գործեր կան»:

«Վարչապետն ասում է՝ 1991 թվականին պետությունները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ ի՞նչ է ստացվում, կարող է էստեղից էլ հայտարարություն հնչի, որ մենք խախտել ենք Ադրբեջանի ամբողջականությունը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա Գրիգորյանը ասաց. «Վարչապետը խոսում է խաղաղ զարգացման դարաշրջանի մասին, իսկ ինչո՞ւ այս մասին չէիք խոսում 2018, 2019 թվականին, 2020 թվականին, երբ մենք հաղթած էինք, երբ մենք ուժեղ էինք: Երբ դու ծնկի ես եկել, դու չես կարող խաղաղություն ուզել, դու մուրում ես, սա էլ պարտադրված խաղաղություն է, մենք չենք կարող ընդունել նման պարտադրված խաղաղություն»:

Աննա Գրիգորյանը անդրադարձավ հրապարակում քաղաքացիների ընդվզմանը և խոսք ուղղեց նրանց. «Սիրելի ժողովուրդ, փորձում են տպավորություն ստեղծել, որ մենք անտարբեր ենք մեր հողի նկատմամբ, մենք պետք է ատամներով պահենք այդ հողը, և հենց այսօր պետք է պայքարենք՝ սկսելով չընդունել այդ փաստաթուղթը»: