Երիտթուրքերը մեզ ավելի քիչ վնաս են տվել, քան երիտհայերը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. Սամվել Նիկոյան

21:51 • 20.05.21

Այսօր ՀՀ Ազգային Ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին, արտահերթ ընտրություններին և սահմանային կարգավիճակին:

«Երիտթուրքերը հայ ժողովրդի պատմությանը այնքան վնաս չեն տվել, նույնիսկ Ցեղասպանությամբ, ինչքան երիտհայերը կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և հիմա նրանց կյանքը երկարաձգել և հետաձգել արտահերթ ընտրությունները մեզ ոչինչ չի տալու, քանի որ ամեն օր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը վատթարանում է»,- ասաց Սամվել Նիկոյանը:

ԱԺ նախկին նախագահը նաև նշեց՝ ՀՀԿ-ն եղել է այն ուժը, որն ի սկզբանե անընդունելի է համարել ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրությունների կազմակերպումը և հատկապես Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ներքո:

«Կապիտուլյանտ սրիկան պետք է հեռանա, փրկությունը դա է և յուրաքանչյուր օր, որ նա մնում է իշխանության, դժբախտություն է բերում մեր ազգին և պետությանը, իսկ հիմա, երբ գործընթացն արդեն սկսվել է, մենք ստիպված միացանք ընտրություններին մեկ նպատակ ունենալով՝ հեռացնել այս տականքներին իշխանությունից»,- նշեց ԱԺ նախկին նախագահը:

Նա նաև ընդգծեց՝ արտահերթ ընտրությունները կարող են երաշխիք հանդիսանալ, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հեռանա:

«Ցանկացած ելքի պարագայում Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ նա դատապարտված է հեռանալուն: Ազգը սպասում է, որ այդ ընտրություններով նրան հեռացնենք, եթե չհեռացավ ընտրություններով, ապա ազգը նրան այլ կերպ կհեռացնի»,- ընդգծեց նա:

Նիկոյանը նաև նշեց, որ, եթե դիտարկենք հայոց պատմությունը, մարդիկ կարողացել են պետության չգոյության պայմաններում գործողություններ անել ի նպաստ Հայաստանի:

«Գարեգին Նժդեհը կարողացավ Սյունիքը պահել, երբ մենք չունեինք պետություն, բայց պետության բացակայության պայմաններում Նժդեհը կարողացավ համախմբել մարդկանց իր շուրջը և հավաքել ազգի նվիրյալներին, որոնք պատրաստ էին հանուն հողի կռվել և հաղթեց՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության գոյությունը»,- ասաց Նիկոյանը:

Սամվել Նիկոյանը նաև անդրադարձավ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վերջին իրադարձություններին և նշեց՝ պարտված ղեկավարի պաշտոնավարման շարունակումը սարսափելի է և հիմա Նիկոլ Փաշինյանը անասնական վախ ունի Ալիևի նկատմամբ:

«Մեկ օր պարտված ղեկավարի մնալը դա չարիք է բերելու և 6 ամիս շարունակ մենք տեսնում ենք այդ չարիքը, և սա այն դեպքերից է, երբ ժողովուրդը հաղթեց ազգին: Վարդենիսի դեպքերը վերջին նսեմացումը չէ, որ մենք տեսնելու ենք, քանի որ Նիկոլի գոյությունը իշխանության գլխին մեզ նսեմացում է: Այս մարդիկ անընդունակ են որևէ կերպ ղեկավարել երկիրը: Մենք հասել ենք մի վիճակի, երբ թուրքը մտել է մեր սահման և  ծաղրում է մեր զինվորին»,- ասաց Սամվել Նիկոյանը: