Ես վստահ եմ՝ եթե այս մարդիկ չգային իշխանության, մենք դեռ մի 30 տարի հմուտ բանակցելու հնարավորություն կունենայինք․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Մենք չէին ճանաչում Ղարաբաղի անկախությունը առաջին հերթին այն պատճառով, որ այն ժամանակ Ղարաբաղի ճանաչումը կնշանակեր պատերազմի սկիզբ, բայց անում էինք ամեն ինչ, որ Ղարաբաղի հետ կառուցենք ասիմետրիկ կոնֆեդերացիա։ Այս մասին Սյունիքի Մեղրի քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Կային որոշ հարցեր, որոնց վերաբերյալ մենք միշտ զգուշավոր ենք եղել մեկ պատճառով՝ չհրահրել պատերազմ։ Ես վստահ եմ, որ եթե այս մարդիկ չգային իշխանության, մենք դեռ մի 30 տարի հմուտ բանակցելու հնարավորություն կունենայինք։ Ինչ էր ակնկալում Ադրբեջանը մեզանից․ Ղարաբաղից իրենք ձեռք էին քաշել, հասկանում էին, որ միջանցք չենք տալու, որովհետև ԼՂՀ-ն չէր կարող անկլավային վիճակում զարգանալ, բայց իրենք հույս ունեին, որ կարող են այն մյուս շրջաններն ինչ-որ ժամանակ վերադարձնել»,-ասաց նա, ապա ընդգծեց․
«Ճիշտ բանակցելն այն էր, որ դու այդ հույսը չկտրես, չտաս, բայց չկտրես հույսը, որովհետև եթե հույսը կտրում ես, ապա այլ ճանապարհ, քան ռազմականը, չի մնում»։
Թե ինչ է արել այս իշխանությունը, Քոչարյանն ասաց, որ այն ամբողջ բանակցային գործընթացը մտցրել է փակուղի։
«Այս իշխանությունն այսօր մի բան է ասել, վաղը ՝մի ուրիշ բան, համանախագահներին է ստում, Ադրբեջանին է մի բան ասում, հետո՝ ուրիշ բան։ Մի վիճակ էր ստեղծվել, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ միջնորդները չէին հասկանում՝ այս մարդիկ ինչ են ուզում․ հետո հայտարարեց՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Զուտ պոպուլիստական հայտարարություններ․ մենք չէի՞նք կարող այդպիսի հայտարարություններ անել՝ դուր գալու համար․ չէինք անում, որովհետև հասկանում էինք՝ դրա հետևանքներն ինչպիսին կարող են լինել»,-ասաց նա՝ ընդգծելով, թե այս իշխանություններն արեցին ամեն ինչ, որ պատերազմն անխուսափելի դարձնեն։










