Քարահունջի ղեկավարի ձերբակալումն ապօրինի է, իրավապահների հաղորդումները անգիտակից զանգվածի ականջները շոյելու համար են. պաշտպան Րաֆֆի Ասլանյան
Ձերբակալման հիմքը և նպատակը ապօրինի է, ձերբակալաման արձանագրությունը անօրինական է, ինչի կապակցությամբ համապատասխան բողոք է մուտքագրվել դատարան, այսօր նշանակված է բողոքի քննարակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը:
Նա մանրամասնեց, որ Լուսինե Ավետյանը այս պահին մեղադրյալի կարգավճակ չունի:
«Ձերբակալվել է հանցագործության կատարման անմիջական կասկածանքով: Բնականաբար, կասկածանքը չի ընդունում. Քարահունջ վարչական տարածքի ղեկավարը նշում է, որ առնչություն չունի վերագրվող հանցանքների հետ: Նախաքննության գաղտնիությունը հաշվի առնելով՝ մանրամասներ ներկայացնել չեմ կարող: Պաշտպանական կողմի դիտարկմամբ՝ ձերբակալումը կրում է ապօրինի և անօրինական բնույթ, պաշտպանական կողմը գտնում է, որ այդպիսի գեղարվեստական նկարագրությամբ իրավապահ մարմինների հաղորդումները ընդամենը անգիտակից զանգվածների ականջները շոյելու համար են, այդպիսի բովանդակությունը քրեական գործի նյութերից և առհասարակ ձերբակալման հիմքերից չի բխում»,-ասաց նա:
Րաֆֆի Ասլանյանը հիշեցրեց, որ Լուսինե Ավետյանը պաշտպանության իրավունքից զրկված է եղել. շուրջ 16-17 ժամ պաշտպան չի ունեցել: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ քրեական գործողություններ են կատարվել, պաշտպանը նշեց. «Այս պահին քննչական գործողությունների բովանդակությանը պաշտպանական կողմը, բնականաբար, ծանոթ չէ, քննիչը վարույթ իրականացնողը պարտավոր է դատարան ներկայացնել իր կողմից կատարված, ձերբակալման հիմքում դրված քննչական գործողությունները: Ցուցմունք որոշակի բովանդակւթյամբ տվել է, որի վերաբերյալ չեմ կարող պարզաբանումներ տալ՝ ելնելով նախաքննության գաղտնիությունը: Ընդամենը որոշակի փաստական հանգամանքներ ներկայացնեմ. բնակավայրի վարչական ղեկավարը՝ Լուսինե Ավետյանը, որևէ մեկին դրամական օգնություն տալու, դրամական օգնության չափը որոշելու որևէ լիազորություն չունի: Եվ առհասարակ որևէ մեկին դրամական աջակցություն չի տվել, քանի որ օրենքով իրեն նման իրավունք վերապահաված չէ. Գորիս համայնքի կողմից է այդ գործընթացը կարգավորվում: Տպավորություն է ստեղծվել, թե սոցիալական աջակցություն է ցուցաբերել, որոնք հետագայում կաշառք են դիտարկել, մինչդեռ տվյալ անձը որևէ որոշում չի կայացրել, ոչինչ չի տվել, բանկային որևէ փոխանցում չի կատարել, այդպիսի լիազորություն չունի»,ասաց նա:
Րաֆֆի Ասլանյանի տպավորությամբ՝ սա քաղաքական ենթատեքստ ունեցող գործ է. անձին ապօրինի ձերբակալել որոշակի բովանդակությամբ ցուցմունք կորզելու համար, իսկ ինչ բովանդակությամբ, Ասլանյանը նշեց՝ ժամանակը ցույց կտա:
Անի Գևորգյան










