Գորիսի համայնքապետը դուրս է եկել ՀՔԾ–ից, քրգործով որպես վկա փորձել են հարցաքննել, բայց նա հրաժարվել է ցուցմունք տալուց
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դուրս է եկել ՀՔԾ-ից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Այս պահին կան տեղեկություններ, որ ինչ-որ քրեական գործով որպես վկա փորձել են հարցաքննել, բայց Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:
Լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ Գորիսի համայնքապետը բերման է ենթարկվել հանցանք կատարելու կասկածանքով և փաստացի հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
«Նա փաստացի հիմա գտնվում է կասկածյալի կարգավիճակում և մենք հրաժարվեցինք ցուցմունք տալուց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա փաստացի Առուշանյանի նկատմամբ վաղուց հարուցված քաղաքական հետապնդման շարունակությունն է և որևէ կերպ չենք ցանկանում առնչություն ունենալ ՀՔԾ–ի հետ»,– նշեց Էրիկ Ալեքսանյանը։
Նա նաև հավելեց, որ հետագա զարգացումների մասին կանխատեսումներ չունեն և մանրամասնեց, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։ «Խոսքը գնում է ընտրողների կողմից կաշառքներ տալու փաստի առթիվ հարուցված գործի մասին»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ այսօր ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: Այսօր ավելի վաղ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցի ընտրության հարցի քննարկման ժամանակ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանը նշել էր, որ Որոտան գյուղի բնակչությանը տարել են ոստիկանություն, որ ինչ-որ մեկից ցուցմունք կորզեն իր դեմ։










