Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Լա Լիգայից դուրս գալու և Պրեմիեր լիգային միանալու հավանականությունը. աղբյուր  

13:43 • 14.08.21

 

Մադրիդի «Ռեալը» շաբաթներ շարունակ դիտարկում է իսպանական Լա Լիգայից դուրս գալու հավանականությունը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Ինչպես հայտնում է պարբերականը, մադրիդյան ակումբը դժգոհ է Իսպանիայի ֆուտբոլի առաջնության նախագահ Խավիեր Տեբասի վարած քաղաքականությունից: ««Բլանկոները» («Ռեալի» ֆուտբոլիստները) հոգնել են այն խնդիրներից և խոչընդոտներից, որոնք իրենց առաջ դնում է Խավիեր Տեբեսը»,- գրում է աղբյուրը:

Նշվում է, որ իսպանական առաջնությունից դուրս գալու պարագայում ակումբը՝ Ֆլորենտինո Պերեսի ղեկավարությամբ, կդիտարկի մեկ այլ առաջնության, հավանաբար՝ անգլիական Պրեմիեր լիգային միանալու հավանականությունը, թեև տեղեկություն կա, որ «բլանկոները» կարող են միանալ Իտալիայի Ա Սերիային կամ գերմանական Բունդեսլիգային:

Ակումբի նախագահը դժգոհ է եղել նաև այն հանգամանքով, որ Լա Լիգան օգոստոսի սկզբին հայտարարել է իր բիզնեսի 10 տոկոսը 50 տարով լյուքսեմբուրգյան CVC Capital Partners ներդրումային ֆոնդին վաճառելու համար: Պերեսի խոսքով՝ գործարքի մասին պայմանավորվել են իր մեջքի հետևում: